ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին վրդովեցրել է ԱԺ փոխնախագահ Շարմազանովի այն պնդումը, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանության: Ուրիխանյանը նաև պարզաբանում է պահանջել ՀՀԿ-ից՝ հավակնոտ հայտարարությունների համար: Փաստորեն՝ Ուրիխանյանը վիրավորվել է մի երևույթից, որին հասնելու համար ջանք չխնայեց՝ հարազատ կուսակցության հետ միասին:
Տարիներ շարունակ, լինելով կոալիցիոն կառավարության անդամ, ԲՀԿ-ն լռելյայն տարավ երկրի հանրապետականացման գործընթացը, լուռ ու մունջ հետևեց, թե ինչպես է երկրում բռնաբարվում ընտրական իրավունքը, կոալիցիայի կազմում դակեց այն բոլոր օրենքները, որոնք ներկայացվում էին ՀՀԿ-ի կողմից: Այսօր արդեն քառյակի կազմում հակահանրապետական պայքարի առաջամարտիկ ԲՀԿ-ն խորհրդարանում մեկ մարդու նման կողմ քվեարկեց նույն ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկին՝ Գալուստ Սահակյանին: Երբ հակաիշխանական պայքարի կարևորագույն փուլում ձեր կուսակցությունը խայտառակ արդյունքներ է արձանագրում ԱԺ ընտրություններում, միթե դուք իրավունք ունեք պարզաբանումներ պահանջելու ՀՀԿ-ից:
Առջևում կառավարության ծրագրի քննարկումն է: Եթե Գալուստ Սահակյանին չկարողացաք դեմ քվեարկել՝ հետաքրքիր է, ինչպես եք դեմ քվեարկելու կառավարության ծրագրին: Վստահ եմ, որ կրկին ձեզ կթույլատրվի քվեարկել «ազատ կամոք», և կկանգնենք նույն տխուր խճանկարի առաջ:
Եթե պայքարի ամենավճռական փուլերում չկարողացաք վեր կանգնել ձեր ներքին խմբային շահերից և ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում, հետաքրքիր է՝ ինչպես եք մանր, լոկալ տունտունիկային կռիվներում պայքարելու ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի դեմ:
Այս պայմաններում ես իսկապես համաձայն չեմ Շարմազանովի հետ, ՀՀԿ-ն ոչ թե տաս, հազար տարի էլ կիշխի: Շատ հարմար իրավիճակ է՝ ՀՀԿ-ն իշխում է, դուք պայքարում եք, բայց բեկումնային պահերին նպաստում եք ՀՀԿ-ի վերարտադրությանը:
Համ գայլերն են կուշտ մնում, համ ոչխարները՝ կենդանի...