▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ մենք, և թուրք ժողովուրդը պետք է առերեսվենք մեր պատմությանը. Սերժ Սարգսյանի պատասխանը` թուրք լրագրողին

Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները երեկ բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Թուրքական «Today's Zaman» լրատվական կայքի քաղաքական մեկնաբան Սերվեթ Յանաթմայը հետևյալ հարցն է հնչեցրել. «Պարոն նախագահ, դուք խորհրդարանից հետ եք կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Արդյոք դա նշանկո՞ւմ է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես կասեցվել է, և արձանագրություններն այլևս իրավական ուժ չունեն: Երկրորդ հարցս. Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցած տարի հետաքրքիր հայտարարություն արեց, թույլ տվեք մեջբերեմ` «Դուք չեք հավատա, թե ինչեր են իմ մասին ասում, նրանք ասում են, որ ես վրացի եմ, նրանք անգամ ավելի տգեղ բաներ են ասում, որ ես հայ եմ, բայց ես թուրք եմ»: Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին»: 

Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի` տվյալ հարցի պատասխանն ամբողջությամբ.

«Ես ավելի զուսպ կգտնվեմ և իմ ցանկացած պատասխանը հրապարակավ չեմ հնչեցնի, բայց ոչ թե այն պատճառով, որ քննադատության կենթարկվեմ, այլ ուղղակի իմ էությանը դեմ է: Ես երբեք որևէ պարագայում չեմ ասել որևէ վատ խոսք ոչ ադրբեջանցի, ոչ էլ թուրք ժողովրդների մասին և երբեք չեմ ասելու, որովհետև մեր դժվարին պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, որ որոշ թուրքեր և ադրբեջանցիներ իրենց պահել են շատ ավելի արժանապատիվ, քան որոշ հայեր: Սա զուտ հաճոյանալու համար չեմ ասում, ես ասում եմ փաստեր արձանագրելու համար: Պատմությանն այդպիսի փաստեր շատ են հայտնի, բայց ներկա դրությամբ Ձեր թերթի պահվածքը՝ կապված Ցեղասպանության հետ, իմ կարծիքով, շատ մեծ հարգանքի է արժանի: Ես գլուխ եմ խոնարհում Ձեր թերթի այն աշխատակիցների առջև, ովքեր այդպիսի պայմաններում համարձակվում են այդպիսի հոդվածներ տպագրել: 

Հավատացած եղեք, որ շատ հայեր դա տեսնում և գնահատում են, շատ հայեր այդ հարցում մտածում են ինձ նման: Դա չափազանց կարևոր հանգամանք է: Օրինակ, ինչպե՞ս կարելի է գլուխ չխոնարհել այն երիտասարդների առջև, ովքեր ապրիլի 24-ին դուրս են գալիս Ստամբուլի և Անկարայի փողոցներ և պահանջում են թուրքական գործող իշխանություններից Ցեղասպանության ճանաչում: Իհարկե, հարգանքի արժանի են: Գիտեք, այս պարագայում մի լրացուցիչ հանգամանք է մշտապես ճնշում Թուրքայի ղեկավարությանը: Մնացած բոլորի մասին կլռեմ, բայց մի հանգամանք կա և այդ հանգամանքը Ադրբեջանի հանգամանք է, Ադրբեջանի ճնշումն ու գործոնն է: 

Տարիներ առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանին մեկուսացնելու քաղաքականության մասին և բնական է, որ իր այդ ծրագիրն իրականացնելու համար նա հսկայական միջոցներ է գործադրելու և պատահական չեմ համարում, որ այդ քաղաքականության արդյունքները որոշ չափով մենք տեսնում ենք Թուրքիայում: Ես վստահ եմ, որ եթե չլիներ ադրբեջանական այդ գործոնը, արձանագրություններն արդեն վավերացված կլինեին: Ես նորից եմ ասում՝ կան այլ գործոններ, որոնց մասին հիմա չեմ ուզում խոսել, բայց այս գործոնը, կարծում եմ, շատ էական է: 

Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա խորհրդարանից հետ կանչելով ես չեմ սպանել արձանագրությունները և, ինչպես ասացի, հաշտեցման պատուհանը չեմ փակել: Դա իրավական ակտ չէր, այլ քաղաքական ակտ էր, որովհետև իրավական ակտը պահանջում էր հրամանագիր և այդ հրամանագրով ես կարող էի ստորագրությունները հանել արձանագրությունից, այլ ոչ թե խորհրդարանից ետ կանչել: Այս քայլերով մեկ անգամ ևս ուզում էի Թուրքայի ղեկավարության ուշադրությունն այս փաստի վրա հրավիրել: Հրավիրել նաև այն երկրների ղեկավարների, պաշտոնատար անձանց ուշադրությունը, ովքեր մեզ սատարում էին համոզված էին, որ եթե առանց նախապայմանների մենք փորձենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, ապա, անկասկած, թուրքական կողմը կգնա դրան, բայց, ինչպես տեսանք, բոլորն էլ մեզնից լավ չէին ճանաչում Թուրքիայի այսօրվա ղեկավարներին: 

Ի սկզբանե մենք ասում էինք, որ այս ճանապարհը, բանակցությունները կարող են ունենալ երկու հետևանք, երկու ձևի ավարտ. առաջին՝ հարաբերություններ հաստատելով, ինչը բխում է մեր շահերից և երկրորդ՝ ուղղակի կձախողվեին այդ բանակցություններն, ինչպես ես համարում եմ ձախողվեցին, բայց այս ձախողման մեջ էլ մենք մեզ համար օգտակարություն ենք տեսնում: Չեմ կարծում, որ այլևս կան մարդիկ՝ առավել ևս ազդեցիկ և տեղեկացված, միջազգային հանրությունում, էլ չեմ ասում պետությունների ղեկավարների մասին, որ այլևս կասկած չունեն, որ 21-րդ դարի վերջին փակ սահմանի մեր այս տարածաշրջանում փակ լինելու պատճառը մենք չենք, այլ Թուրքիան է: Մենք երբեք Ցեղասպանության ճանաչումը նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում: 

Մենք ցանկանում ենք հարաբերություններ ունենալ, որովհետև ի վերջո մեզնից որևէ մեկն այս տարածաշրջանը չի լքելու: Մենք չենք ընտրել, ես չեմ ընտրել և ոչ էլ Էրդողանն է ընտրել այս տարածաշրջանն իր ժողովրդի համար, ուստի մենք պետք է կարողանանք համակերպվել համակեցության կանոններով, մենք պետք է կարողանանք ըմբռնել, հասկանալ, ճիշտ գնահատել մեր անցած ճանապարհը, առերեսվել մեր պատմությանը՝ և մենք, և թուրք ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է»: 

 

Տեսանյութը` Panorama.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее