Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ։
Այս մասին ասել է Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ, մերժել է կալանքի խափանման վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոքը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը սեպտեմբերի 30-ին հրապարակել էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը. Դատարանը մերժել էր պաշտպանների բողոքը, և Գագիկ Խաչատրյանին թողել էր կալանքի տակ։
Հիշեցնենք նաև. Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկի ն պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2 րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։


