▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի գնի էժանացումը կախված է «Նաիրիտի՞ց»

«Սա ցիկլային ճգնաժամ է: Մենք, փաստորեն, չկարողացանք հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացան մեր առջև: Կյանքը ցույց տվեց, որ մակրոտնտեսական ցուցանիշները ոչ թե լավացան, այլ վատացան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով փոխարժեքի կտրուկ տատանումների մասին՝  ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այս տարին  էապես տարբերվում է նախորդ 15 տարիներից նրանով, որ առաջին անգամ արտահանման և ներմուծման աճը հավասարվել էին.

«2.8 տոկոս էին, ինչը ցավալի փաստ է, անցած 5 տարիների համեմատ, քանի որ արտահանման ծավալը միշտ գերազանցել է ներմուծմանը: Արտադրության ոլորտում ունենք որոշակի բացասական ֆոն: 2015 թվականի համար արտադրության  աճը 3.7 է նախատեսված: Մենք նահանջ ենք ապրում, չենք ուզում դառանալ արտադրող երկիր, այլ գնում ենք առևտրի զարգացման ու այլ ոլորտների զարգացման ճանապարհով»,-նշեց նա:

Պատգամավորը նկատում է՝ արժեզրկման փուլում ժողովուրդը կամ չպետք է տուժի, կամ էլ պետք է քիչ տուժի:

«Պետք է կարողանանք աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել, կրճատել ստվերային տնտեսությունը, արտահանման աճը: Բյուջեն կարող է մատչելի վարկեր տալ արտադրության խթանման համար»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե ԵՏՄ-ին միանալով ի՞նչ հնարավորություն ենք ստանում, Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե որ միությունում էլ լինես՝ միայն գրագետ, ծանրակշիռ, կազմակերպված գործունեության շնորհիվ տնտեսության կազմակերպված կառավարման միջոցով կարող ես արդյունքի հասնել:

«Եթե մեր կառավարությունը գնում է կոշտ ֆինանսավարկային քաղաքականության, դրա արդյունքում ժողովրդի կենսամակարդակը չի աճում: Մեր արտադրողները պետք է կարողանան մատչելի վարկեր, սուբսիդիաներ ստանալ և համապատասխան ծավալներ ապահովել: Շուկայում կարևորը գինն ու որակն է»:

Պատգամավորը  նկատում է՝  որակյալ մենեջմենթի կարիք ունենք.

«Եթե շարունակենք էլեկտրաէներգիայի, գազի գներն անընդհատ բարձրացնել, բարդ կլինի: Իսկ, եթե «Նաիրիտ»-ը սկսի աշխատել և գազի սպառման ծավալները տարեկան 1.7 միլիարդ խմ-ից դառնան 3 միլիարդ, այս դեպքում հույս կունենանք, որ գազի գինը գոնե չի աճի, կամ շանս կլինի այն իջեցնել: «Նաիրիտ»-ի գազը հումք է նրա համար»,-ասաց  Միքայել Մելքումյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее