Կիևում լարված իրավիճակը շարունակվում է: Լույս 22-ի գիշերը Մայդանի ինքնապաշտպանական ուժերը գրավել են Գերագույն ռադայի շենքը և նախագահի նստավայրը: Այս մասին Մայդանի բեմից հայտարարել է Անդրեյ Պարուբին: Գրում է unian.net-ը՝ հղում անելով Тиждень.ua-ին:
Պարուբին հայտարարել է, որ Գերագույն Ռադայի շենքում է գտնվում « Правый сектор» ստորաբաժանումը: Վերահսկվում են նաև նախագահական նստավայրը և ՆԳՆ շենքը:
Նա նաև նշել է, որ ուժայինները կարող են միանալ ժողովրդին:
«Մենք ոստիկաններին ասել ենք, որ նրանք կարող են անցնել Մայդանի կողմը, սակայն նրանք պետք է օգտագործեն կապույտ և դեղին ժապավեններ: Մենք բավականաչափ ժապավեններ ունենք, գիտենք նաև, որ ձեր շարքերում պարկեշտ մարդիկ կան: Դիմեք մեզ և մենք միասին կաշխատենք կարգուկանոնի հաստատման ուղղությամբ»,-ասել է նա:
Պարուբին հաղորդել է, որ Մայդանն իր վերահսկողության տակ է վերցնում ամբողջ Կիևը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիտալիյ Կլիչկոն ելույթ է ունեցել Մայդանում՝ նշելով, որ եթե նախագահ Յանուկովիչը առավոտյան հրաժարական չներկայացնի, ժողովուրդը զինված հարձակման կդիմի: