Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ-ն է։
Մինչ բժիշկներն բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Սևանի ոստիկաններն ու քննիչները, ապա նրանց միացած քննիչ Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ-ին իրենց գյուղում իրենց տան բակում դանակով հարվածել է եղբայրը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ն։
Ըստ բժշկի հայտնածի՝ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում։
Սևանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Գուրգեն Խ-ին, ով այնուհետև մոր դիմումի հիման վրա տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սևան» հոգեկան առողջության կենտրոն։