«Համաձայն ՍԴ որոշման` այն գումարները, որոնք գանձվել են հակառակ մարդկանց կամքի, այդ գումարները, ըստ էության, կարելի է համարել, որ գանձվլ են ապօրինաբար, հակառակ Սահմանադրության պահանջների և, ուրեմն, դրանք կարելի է համարել բռնագանձված գումարներ: Հիմա ցանկանում եմ հասկանալ.ՍԴ որոշումը կա, բոլորիս համար արդեն հասկանալի է, որ այդ գումարները բռնագանձված են: Այդ գումարներն ինչո՞ւ հենց հիմա չեն վերադարձվում իրենց օրինական տերերին»,-խոսքն ուղղելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` հարցրեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը` շարունակելով.
«Ձեր հաշվարկներով այդ գումարները, որոնք հավաքվել են մարդկանց կամքին հակառակ, այս պահին ինչքա՞ն են կազմում»:
Արտեմ Ասատրյանը չհամաձայնելով պատգամավորների գնահատականների հետ` ասաց.
«Դուք խոսում եք բռնագանձումների, իսկ մենք` օրենքի դրույթների հիման վրա իրականացված պարտադիր կուտակային վճարումների մասին: Դուք որ գնահատականներ եք տալիս, դրանք այսօր դուք էլ չեք կարող ունենալ, թե ի վերջո, աշխատողների որ մասն է, որ ընդհանրապես չի համաձայնել կատարել այդ վճարումները»:
«Դուք փաստորեն չպատասխանեցիք իմ հարցին, այն շատ պարզ է: Ստացվում է, որ այս գումարները ՍԴ կողմից համարվել են որպես գանձված, Սահմանադրությանը հակառակ, բայց դուք դրանց վերադարձը կապում եք ապագա օրենքի ընդունման հետ: Կարող է հետո այդ օրենքը հետին թվով օրինականացնի այդ գանձումը: Դա նշանակում է` պարզապես կատարված գողության իրականացրած ակտ»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
ՍԴ որոշումը դուք այլ կերպ եք մեկնաբանում, ես` այլ: Ես ներկայացնում եմ այն դիրքորոշումը, որի ներքո առաջարկում եմ լուծել առաջացած խնդիրները: