▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համախմբման համար կարևոր է, որ ընդդիմության մեջ իրար հետ անկեղծ լինեն»․ Լևոն Քոչարյան

«Մեր երկիրն այն վիճակում չէ, որ իշխանություն վերցնելը ցանկալի բան լինի, գոնե մենք շատ լավ հասկանում ենք այդ ամենի ծանրությունը»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ թիմ, որը կկարողանա այս փլատակների վրա վերցնել իշխանությունն ու պահել այն․ «Ասում են՝ իշխանության համար կռիվ է գնում, հավատացեք, մեր կողմից բացարձակապես չկա նման բան, օրինակ ես, լինելով նախագահի ընտանիքի անդամ, զգացել եմ այդ ամենի ծանրությունը և երբեք չեմ ձգտել լինել քաղաքականության մեջ, պաշտոն զբաղեցնել, բայց սա էլ պայքար է։ Թիմի առումով՝ մենք այն վիճակում ենք, որ մեկ թիմի հարց չէ սա, մեր թիմում էլ կան շատ կարող մարդիկ, ովքեր ինչ-որ մասով կարող են պատասխանատվություն ստանձնել, համոզված եմ, որ իշխանության մեջ ևս կլինեն հայրենասեր մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենց տեղում լավ գործ են անում։ Պետք է ամբողջ կարող ռեսուրսը համախմբել հետագա կառավարության կազմում։ Համախմբման համար կարևոր է, որ ընդդիմության մեջ իրար հետ անկեղծ լինեն, ամբիցիաները մի կողմ դնեն։ Շատ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիրները պայքար են մղում ոչ թե այս իշխանությունների դեմ, այլ՝ ավելի շատ խորհրդարանական ընդդիմության դեմ, սա մտահոգիչ է, վիրավորական, երբ մեր ազնվության վրա կասկածում են»,- ասել է Քոչարյանը։

Թարմացված․ Այսօր հաճախ են հնչում կոչեր, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի. որքանո՞վ է արդյունավետ ընդդիմության գործունեությունը ԱԺ-ում՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու առումով․ այս հարցին «5-րդ ալիք»-ի եթերում պատասխանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը․ «Խորհրդարանը մի հարթակ է, որտեղ մենք հնարավորություն ունենք խնդիրների մասին բարձրաձայնել, ուղիղ երեսներին հարցեր տալ։ Երբեմն լսում եմ քննադատություններ, հաճախ իմ կողմից շատ հարգված մարդկանց կողմից, թե հարցերի պատասխանները չգիտե՞նք, որ տալիս ենք Նիկոլ Փաշինյանին: Ես կիսում եմ այդ կարծիքը, սակայն մեր երկրում դեռևս կան մարդիկ, ովքեր տեսնում են միայն իշխանության կողմից քարոզվող նարատիվները և հավատում են դրանց, մեր խնդիրը բարձրացվող հարցերի պատասխանները մեզ համար ստանալը չէ, այլ այն քաղաքացիների աչքերը բացելն է, ովքեր դեռ մոլորված են։ Մեր գաղափարակից շատ ընկերների մոտ զայրույթ է առաջանում, թե ինչո՞ւ եք նստել և խոսում հետները, բայց իմ խնդրանքն է նրանց՝ ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ ցավոք բոլորը չեն իրենց նման մտածում։ Այստեղ մանդատ պահելու խնդիր չկա, նման խորհրդարանում այդ մանդատը ինչ-որ երանելի բան չէ, ընդդիմադիր պատգամավորները կառչած չեն այդ մանդատներից, ու եթե իմանանք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդրին կհասնենք, կդնենք»,- ասել է Քոչարյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее