▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից...

Երեկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած և հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող և անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից:

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում նշում է տվյալ խախտման փաստական հանգամանքները, իրավական հիմնավորումները, ինչպես նաև խախտող պետական մարմնին ուղղված իր կոնկրետ առաջարկները: Ըստ օրենքի` եթե խախտումը թույլ տված պետական մարմինը քսանօրյա ժամկետում չի կատարում Պաշտպանի առաջարկները, ապա Պաշտպանը հրապարակում է տվյալ խախտման որոշումը: Տվյալ դեպքում, ս.թ. հունիսի 20-ին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկել է խախտման որոշումը՝ իր երկու առաջարկներով. առաջին՝ տալ հանձնարարականներ՝ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, երկրորդ՝  կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: Ցավոք, Գլխավոր դատախազը պատշաճ չի կատարել այդ առաջարկները, իսկ դրանցից միայն մեկի մասնակի կատարման մասին նույնիսկ չի էլ իրազեկել Պաշտպանին:

Իրավական դաշտում անթույլատրելի էր շուրջ 4 ամիս չվերացնել կատարված խախտումը և միայն Պաշտպանի խախտման որոշումից (առ հունիսի 20) հետո Գլխավոր դատախազի հանձնարարականով (առ հուլիսի 3) սկսել մարդու խախտված իրավունքի վերականգնումը: Առավել ևս, որ ազատամարտիկի այրու իրավունքի խախտման մասին Օմբուդսմենը Գլխավոր դատախազին առաջին անգամ տեղեկացրել էր դեռևս մարտի 20-ին:

Բարոյական դաշտում ավելի քան տարակուսելի է այն, որ Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում, իմացել այդ մասին և չի ձեռնարկել պատշաճ քայլեր, իսկ այժմ էլ փորձում է հասարակությանը շեղել սեփական թերացումներից:

Հուսով ենք, որ Գլխավոր դատախազությունը հանրությանը հայտնի և անհայտ այլ գործերով կդրսևորի բարոյական և իրավական առավել բարձր հատկանիշներ:

 

  Պաշտպանի աշխատակազմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее