Հայ էքստրասենսը մոսկովյան դատարանում հայտարարել է, որ ռուս մոդելների սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում:
Ինչպես գրում է թերթ.am-ը` հղում անելով Life News-ին, 42-ամյա Գեորգի Մարտիրոսյանը մեղադրվում է առնվազն 4 մոդելների սպանության մեջ, ովքեր նաև մարմնավաճառությամբ են զբաղվել, ինչպես նաև՝ մոտ 3 մլն ռուբլի հափշտակելու համար:
Դատարանում Մարտիրոսյանը հայտնել է, որ վերջին երկու օրերին իրեն էլեկտրահարումներով խոշտանգել են՝ փորձելով խոստովանություն կորզել:
Մարտիրոսյանն ասել է նաև, թե ինչ գործ է ունեցել իր ենթադրյալ զոհերից 23-ամյա մոդել Նատալյա Տրապեզնիկովայի բնակարանում, ում մոտ նրան «որսացել են» տեսահսկման խցիկները: Ըստ Մարտիրոսյանի՝ աղջիկը հանդիպելիս է եղել Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի հետ և իրեն խնդրել է բանկիրին ուղեկցել:
Բորոդինն այժմ Լոնդոնում է ապրում, և ռուս իրավապահները որոնում են նրան՝ մեկ այլ՝ 13 մլրդ ռուբլու խարդախության գործով:
Մարտիրոսյանին ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: Նա ձերբակալված կմնա մինչև մարտի 12-ը: