Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայ-իրանական բարեկամության միություն» հասարակական կազմակերպության աշխատանքային խմբի անդրանիկ հավաքը: ՀԿ-ի նպատակն է՝ ամրապնդել հայ-իրանական հարաբերությունները՝ շեշտը դնելով մշակութային, գիտական, տնտեսական կապերի վրա:
«Հայ-իրանական բարեկամության միություն» ՀԿ-ն ստեղծվել է նախաձեռնող խմբի մի շարք անդամների, այդ թվում «ԱՆԻՏՈՒՐ» պատմամշակութային տուրիստական գործակալության նախագահ՝ Վոլոդյա Առուշանյանի, «Նոյյան Տապան» լրատվականի և «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» նախագահ՝ Տիգրան Հարությունյանի, «Քաղաքակրթությունների եւ մշակույթների երկխոսություն» եվրասիական միջռեգիոնալ հիմնադրամի Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Մենեջմենթի, էկոնոմիկայի եւ ինովացիայի» ինստիտուտի պրոֆեսոր՝ Արտաշես Միքայելյանի կողմից:
«ԱՆԻՏՈՒՐ» պատմամշակութային տուրիստական գործակալության նախագահ՝ Վոլոդյա Առուշանյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ՀԿ-ի ստեղծման մասին՝ մանրամասնեց.
«2014 թվականի ապրիլ ամսին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչությունը կազմակերպել էր հանդիպում՝ իրանական կողմի հետ, որին մասնակցում էր Իրանի փոխդեսպանը, ևս մեկ անդամ, ով զբաղվում էր տուրիզմի հարցերով: Այդ ժամանակ գաղափար հղացավ՝ ստեղծել հայ-իրանական բարեկամություն հասարակական կազմակերպությունը»:
Վոլոդյա Առուշանյանի փաստմամբ՝ ՀԿ-ում 40 հոգի է առայժմ ընդգրկված: Նրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են:
Հարցին, թե հիմնականում ո՞ր ոլորտներն են լինելու ուշադրության կենտրոնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ տուրիզմի:
Նրա խոսքով՝ Իրանում կա իրանահայկական բարեկամության միություն՝ ի տարբերություն Հայաստանի, ուստի հաջորդ հանդիպումը կարող է լինել Թավրիզում, որտեղ կստորագրվի մի փաստաթուղթ և կսկսեն գործել՝ ծանոթություն, փոխադարձ վստահության մթնոլորտում:
ՀԿ-ի անդրանիկ հավաքին ներկա էր նաև Հայաստանում Իրանի փոխդեսպան Զամանի Ջաֆարը, ով ողջունեց ՀԿ-ի ստեղծումը՝ նշելով, որ չնայած նրան, որ հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, երևի թե կան կորսված օղակներ, որոնք պետք է գտնել և զարգացնել.
«Հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում մեր ակնկալիքներին: ՀՀ կառավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, կստեղծի հնարավորություն՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասաց փոխդեսպանը:
Նա անդրադարձավ նաև Արևմուտքի հետ Իրանի հարաբերություններին՝ նշելով, որ դրանց բարելավումը նույնպես կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:
«Արևմուտքի հետ լարվածությունը պարտադրված քաղաքականության հետևանք է, ինչպես դրանից հետո պարտադրված պատերազմը: Այս անգամ թվում է, թե Արևմուտքը լուրջ է տրամադրված՝ հարաբերությունների լավացման հարցում»,-նկատեց Զամանի Ջաֆարը:
Նրա խոսքով՝ եթե լուրջ աշխատանքային գործընթացներ տեղի ունենան՝ պատրաստ են օժանդակել:
ՀԿ-ի անդամները հանդիպման ընթացքում ներկայացրեցին մշակութային, տնտեսական, ինչպես նաև տուրիզմի ոլորտում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Հիմնական խնդիրներից մեկը օրենքներն էին: Ներկա գործարարներից մեկն, օրինակ, դժգոհեց, որ Իրանում բիզնեսով չեն կարողանում զբաղվել, քանի որ օրենքները չգիտեն, ինչպես նաև միշտ հանդիպում է մի անշնորհք մարդ, ով խաբում է: Նրա խոսքով՝ նույն խնդիրներին Հայաստանում բախվում է իրանցի գործարարը:
Փոխդեսպանը լսեց արտահայտված բոլոր կարծիքները և նշեց, որ իրենք հետաքրքրություն ունեն մշակութային ոլորտում, որի զարգացման դեպքում կզարգանա և՛ տնտեսությունը, և՛ քաղաքականությունը:
Զամանի Ջաֆարը կարևորեց համագործակցությունը էներգետիկ և գյուղատնտեսական ոլորտներում, որում Իրանը լավ առաջընթաց է ունեցել:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, ով համոզված է, որ «Հայ-իրանական բարեկամության միություն» ՀԿ-ն շատ օգտակար կլինի:
«Օգոստոսի 24-ին ներկայացնում ենք իրանցի աշուղների երգերը: Դրանց թվում է «Հայրենիքի սերը», որը պատմում է իրանահայի մասին, ով հեռացել է Իրանից, բայց կա անսահման կարոտ այդ երկրի նկատմամբ»,-օգտվելով առիթից՝ ասաց Թովմաս Պողոսյանը՝ այս ամենը ունկնդրելու համար հրավիրելով թե՛ ներկաներին, թե՛ Հայաստանում Իրանի դեսպանին:
Անի Կարապետյան