▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ես ինձ հաշմանդամ եմ զգում․․․Արման Մուշեղյան

Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ամիս ու կես Հայաստանում էի և չեղավ գեթ մեկ օր, որ ես որևիցե տեղ գնալու համար ուղեկցողի կարիք չունենայի։ Եվ կապ չունի, թե ուր և ինչի համար էի տանից դուրս գալիս։

Այդ 45 օրվա ընթացքում փողոցներում սայլակով տեղաշարժվող գոնե մեկ հաշմանդամի չտեսա։

Ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչո՞ւ եմ այդքան երկար Հայաստանում գտնվում։ Կարո՞ղ է որոշել եմ Հայաստանում մնալ։

Ասացի, որ ոչ։ Ուղղակի որդուս համար եմ մնացել, որովհետև որոշ հարցեր կան կարգավորելու։

Հայաստանում ես ինձ հաշմանդամ եմ զգում։

Հայաստանում մարդը արժեք չէ։ Եթե ես ունեմ այսպիսի զգացում, բա ի՞նչ են զգում պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ։

Ասեմ, թե ինչու եմ այդպես մտածում, որ մարդը արժեք չէ։

Հայաստանում կան 1000-ավոր զինհաշմանդամներ։ Ես շփվում եմ մի քանի ակտիվ զինհաշմանդամ տղաների հետ։

Իրենց կյանքը հանուն հայրենիքի վտանգած և այսօր հաշմանդամ դարձած անձինք չեն կարող իրենց թույլ տալ ինքնուրույն տանից դուրս գալ և որևիցե տեղ իր ընտանիքի հետ գնալ։

Էլ չեմ ասում, որ իսպառ բացակայում են հաշմանդամների համար նախատեսված կայանատեղերը։ Եթե նույնիսկ կան էլ, ապա զբաղված են։

Բացակայում են նաև հարմարեցված զուգարանները։

Ստացվո՞ւմ է, որ այդ մարդիկ այլևս պետք չեն իրենց հայրենիքին և ինչքա՞ն հեռու աչքերից, այնքան լա՞վ։

Եթե մի հասարակության մեջ ամենախոցելի խումբը անպաշտպան մեկուսացված է, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այդ երկրում մարդը արժեք չէ։

Եվ բնավ հարցը օրենքներում չէ, այլ խնդիրը հասարակության մտածելակերպի, ընկալման և արժեհամակարգի մեջ է։

Ես որ բարձրաձայնում եմ այս կամ այն խնդիրը, օդից չեմ անում։ Ես ունեմ համեմատելու հնարավորություն։ Գերմանիայում որպեսզի ես գնամ գնումների, ինձ բավարար է նստել իմ ավտոմեքենան և գնալ ինձ համար ցանկալի վայր։

Շատ հազվադեպ է, որ կայանելու խնդիր եմ ունենում։ Հաշմանդամների համար կայանատեղեր կան ամենուր և առաջին գծում են։ Առևտրի կենտրոններում նստասայլակով տեղաշարժվող անձանց համար կան նաև հարմարեցված առևտրի սայլակներ։

Իսկ ինչ մնում է հարմարեցված զուգարաններին, ապա կարող եմ ասել, որ դրանք գրեթե ամենուր կան։ Մայրուղիների վրա նախատեսված կայանման տեղերում էլ կան։

Իսկ եթե չեք գտնում, ապա կարող եք մտնել մոտակա հյուրանոց և այնտեղ կլինի գոնե մեկ հարմարեցված զուգարան։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее