▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան զավեշտ. Կարեն Ավագյանն ընդդեմ փողերի լվացման

Ոչ անհայտ Կարեն Ավագյանը, որը Գագիկ Ծառուկյանի ,,դատավարությունից,, , ապա ,,ռեաբիլիտացիայից,, հետո ընդհատակ էր անցել՝ հավանաբար զգուշանալով հայտնվել Ծառուկյանի հայտնի առյուծների հետ նույն վանդակում, անսպասելիորեն հրապարակ է նետվել ու սկսել քարկոծել Վարդան Օսկանյանին այն բանի համար, որ վերջինս քննադատել է սահմանադրական բարեփոխումները: Իհարկե, Կարեն Ավագյանի մտավոր և քաղաքական պաշարն այնքան չէ, որ քաղաքակիրթ բանավեճ վարի, գաղափարական հարթության վրա դնի հարցերը: Գոնե գիտի ու հասկանում է, որ, չնյած իր գիտության դոկտոր լինելու հանգամանքին, այնուհանդերձ Վարդան Օսկանյանը նորանկախ Հայաստանի պատմության ամենանշանավոր դիվանագետներից է, որին ընդունում էին շատ երկրների առաջնորդներ, ուստի ինքը կարող է փոշիանալ ու անէանալ, եթե Օսկանյանի դեմ ինչ-որ փաստարկներ ներկայացնի: Եվ, ի սկզբանե զգալով իր խեղճությունը, անցել է ,,գոտկատեղից ներքև հարվածներին,,՝ ասելով. «Դեղին էջերի լավագույն ավանդույթներով Օսկանյանը փորձել է ձգել իր փաստարկները 10 կետի։ Ներկայացված փաստարկների ճնշող մեծամասնությունը չի դիմանում քննադատությանը և հին երգերի անհաջող կրկնություն է հիշեցնում։ Հաշվի առնելով Օսկանյանի բազմակողմ զարգացածությունը` ուզում եմ առաջարկել նրան ուժերը փորձել այլ տասնյակներ գրելով։ Օրինակ` փողերի լվացման տասը մեթոդ կամ` քաղաքական ֆիասկոյի տասը դրսևորում»: Թե ով է ֆիասկո ապրել և ինչպես՝ կարող ենք քննարկել և Կարեն Ավագյանին ապացուցել, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարն արդեն իսկ իշխանության ֆիասկոն է: Տեսնելով, որ Հայաստանում չունի համապատասխան աջակցություն, որ տապալել է բոլոր միջպետական բանակցությունները, որ միջազգային դիվանագիտական ասպարեզում մեծ պարտություն է կրել, որ նժարի վրա է դրել երկրի ինքնիխանության հարցը՝ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդն անցել են սահմանադրությանը՝ այսպես փորձելով շեղել հանրային ուշադրությունն ու նոր նախադրյալներ ստեղծել Հայաստանի ինքնիշխանության կորստի համար: Բայց այս խոսքում ամենազավեշտալին Օսկանյանին փողերի լվացման մեջ մեղադրելն է: Մանավանդ, եթե դա անում է Կարեն Ավագյանը: Մի մարդ, որի գլխավորած հիմնադրամը խժռում է բյուջեի միջոցները, դրամաշնորհներ տրամադրում յուրայիններին, հանրությանն անծանոթ կազմակերպությունների, որոնց հետ, հավանաբար, Կարեն Ավագյանն ամենասերտ առնչություններն ունի: Մի մարդ, որ Հայաստանի երիտասարդությանը բաժանել է մի քանի բանակների՝ յուրայինների և օտարների… Ի վերջո, մի մարդ, որի խղճին են ծանրացած մեծ թվով երիտասարդների ստացած վնասվածքները հայտնի ,,փուշիկների արշավանքի,, ժամանակ…

Ժողովուրդն ասում է՝ սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում… Հիմա Կարեն Ավագյանը հայտնվել է այդ սելվորի դերում:


Հ.Գ. – Ի դեպ, ժամանակն է, որպեսզի ԲՈՀ-ը հետաքրքրվի, թե ո՞ր գիտխորհրդի որոշմամբ է Կարեն Ավագյանը ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, ինչ աշխատության համար: Եվ արդյո՞ք այդ աշխատությունը բավարարում է բոլոր չափորոշիչներին:


Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее