Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում 2014 թվականի հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 30-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 21-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 4-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 4-ական:
Նոր պատգամավորներ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել է արձանագրություններ` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանին և Վահրամ Պատվականի Մկրտչյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ մամուլի ծառայություն