▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ առաջին նախագահը հենց այնպես ոչինչ չի անում…

ՀՀ առաջին նախագահը հենց այնպես ոչինչ չի անում…Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց այս պահին հերթական վերլուծությունը, հերթական ծերունական խոհերը… Ո՞ւմ են ուղղված այդ մեսիջները, ի՞նչ հաշվարկներ, ի՞նչ ակնարկներ կան տողատակերում և, ի վերջո, ի՞նչ սպասելիքներ, ակնկալիքներ...
Սրանք հարցեր են, որոնք, բնականաբար, իրենց պատասխաններն ունեն և պետք է փորձել գուշակել և անհրաժեշտության դեպքում նաև հակադարձել, ինչո՞ւ չէ, անպայման ուղղորդել քաղաքական դաշտը և ընթացող քաղաքական պայքարը:
Այն ուղղված էր ՀՀ գործող, երկրորդ նախագահներին, ԲՀԿ ղեկավարին, Արևմուտքին, Ռուսաստանին, քաղաքական մյուս ուժերին, բայց ոչ ամենևին ժողովրդին…Մի բան պարզ էր` այդ «ստեղծագործության» ոճը, շեշտադրումները, ուղղվածությունը և գնահատականները շատ կոշտ էին, մաղձախառն, հիմնականում կողմնակալ, թշնամական և թույնով «համեմաված»…Դա նման էր արդեն հույսը կտրած մարդու արարքի, որը գնում ինչ-որ բանի՝ վաղօրոք իմանալով, որ ոչնչի չի հասնի, նույնիսկ կկորցնի եղած երբեմնի հեղինակության փշրանքները…Սա կարծես նման էր վերջին երգի` կարապի երգի…Հուսահատության և իշխանության ռևանշի անհուսության երգի…
Արդեն քանի տարի է՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտի ամլացման, փոշիացման, պետության միջազգային վարկաբեկման փորձերի և քաղաքացիներին զոմբիացնելու ճանապարհային քարտեզը գործում է և հասնում իր անփառունակ վախճանին, ու հիմա փորձում է բարգավաճեցնել, շարունակել Ծառուկյանի փողերով…Խոսելով թալանի մասին, հավանաբար նա հույսը դնում է 15-20 տարեկանների վրա, որոնք չեն տեսել, թե ինչ ոգևորությամբ, ինչ եռանդով, ինչ փութաջանությամբ էին թալանում խորհրդային տարիների բարիքները նրա ՀՀՇ-ական թիմակից սոված-ծարավ երիտգիտաշխատողները, ինժեներներն ու սրճարաններում ճամարտակող երիտմտավորականները: Սակայն, քիչ թե շատ խելացի մարդիկ, հետխորհրդային սերունդը շատ լավ հիշում է այդ տարիները և ականատես էր այդ գիշատիչների խրախճանքին, ամենաթողությանը, կապիտալի կուտակման դաժան ժամանակաշրջանին և օլիգարխիկ տնտեսության հիմնադրմանը: Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ բոլոր ներկայիս թերությունների, բացթողումների, սխալների այլանդակությունների հիմնարկեքի կնքահայրն է…
Կեղծ, մտացածին հերոսներ, անարժան բարձրագույն զինվորական կոչումներ, մտածածին դատավարություններ, անհաջողակ տնտեսական քաղաքականություն, թալանի ու կոռուպցիայի մասնագետներ, հիմնականում անհաջողակ պետական գործիչներ, ընտրակեղծիքների «հիմնավոր ու հաջող ներդրում» և մեթոդոլոգիայի զարգացում:
Իսկ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին արդեն հոգնել է ձեզանից և շատ լավ գիտի բոլորիդ: Ձեր ցանկությունը միայն թալանին ակտիվ մասնակից դառնալն է: Ժողովուրդը արտակարգ ճանաչում է ՀՀԿ-ին էլ, ՀԱԿԿ-ին էլ, ԲՀԿ-ին էլ, ժառանգականներին էլ, մնացած ԿԿ-ականներին էլ…
Ժողովուրդը մի հնարավորություն ունի հույսը դնել իր վրա, լինել ակտիվ, չծախվել, լինել իր երկրի արժանավոր քաղաքացին և ընտրություններին իր կամարտահայտությամբ տեր կանգնել իր ձայներին, իր իրավունքներին և ապահովել արժանապատիվ ապագա:

 

Ռոբերտ Մելքոնյան 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее