Կապի և տրանսպորտի նախարարի տեղակալը ներկայացնում է երկու համաձայնագիր, որոնցով նախատեսվում է, որ ՀՀ-ն կստանձնի ևս 200 միլիոն դոլարի վարկային պարտավորություն: Այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Եվ ես ուզում եմ ՀՀ իշխանությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շնորհավորել այս վարկային համաձայնագրերի կապակցությամբ, որովհետև, սա, ըստ էության, հոբելյանական համաձայնագիր է: Պաշտոնական տվյալներով ՀՀ արտաքին պետական պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարի սահմանագիծը: Հյուսիս-հարավ ծրագիրը հետաքրքիր կերպով հայտնվել է ներիշխանական խմբավորումների պայքարի կիզակետում: Իշխանությունն առաջնորդվում է ՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կարգախոսով: Վերջին տարիներին ՀՀ-ի արտաքին պարտքը գրեթե եռապատկվել է և 2020 թվականին ՀՀ արտաքին պարտքը սպասարկելու համար պետական բյուջեից պետք է վճարվի 1 միլիարդ 50 միլիոն դոլար: ՀՀ պատմության մեջ աննախադեպ մի բան է լինելու»:
Պատգամավորի խոսքով՝ հիմա հարց է ծագում՝ լավ բան է Հյուսիս-հարավ մայրուղին, թե՞ վատ: «Խնդիրը լավ ու վատի մեջ չէ, որովհետև նույն տրամաբանությամբ կարելի է արևելք-արևմուտք և բազում մայրուղիներ կառուցել: Խնդիրը նրանում է, թե Հայաստանը ինչքանով է կարողանում ոտքը իր վերմակի գյորա մեկնել: Սրա դիմաց ո՞վ է վճարելու և ինչպես: Առաջիկայում մեր հոբելյանական պարտքը հատելու է 5 միլիարդի սահմանագիծը»,-հավելեց Ն.Փաշինյանը: