Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Jinbei-ը կողաշրջվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրելի հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, վարորդը պահպանել է ճանապարհային երթևեկության անվտագության կանոնները: