Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ժառանգություն» կուսակցության՝ առաջիկայում կայանալիք համագումարում լուրջ փոփոխություններ են սպասվում. մասնավորապես նշվում է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանից հեռանալու հնարավորության և կուսակցության նոր առաջնորդի ընտրության մասին:
ASEKOSE.am-ի թղթակիցն այս և մի քանի այլ հարցերի շուրջ մեկնաբանություն է խնդրել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից:
-Ի՞նչ հարցեր են քննարկվելու համագումարի ընթացքում:
-Նախ՝ համագումարի օրը դեռևս հստակ որոշված չէ, բայց նախատեսված է հունիսին: Ծրագրային հարցեր են քննարկվելու: Վարչություն է ընտրվելու: Բնականաբար, նաև անդադարձ կկատարվի անցած նախագահական ընտրություններին: Քննարկումներ կլինեն ներքաղաքական զարգացումների շուրջ:
-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ լուրջ փոփոխություններ են սպասվում: Անգամ նշվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհեռանա Հայաստանից և համագումարի ընթացքում կընտրվի կուսակցության նոր նախագահ:
- Ոչ թե լրատվամիջոցներն են գրում, այլ ինչ-որ մարդիկ լրատվամիջոցներում իրենց երազանքներն են շարադրում: Հուսախաբ անեմ իրենց՝ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում որևէ տեղ մեկնել Հայաստանից:
-Խոսվում է նաև այն մասին, որ կուսակցության երիտասարդական թևն ակնհայտ դժգոհ է պարոն Հովհաննիսյանից և առիթի դեպքում ոմանք անգամ ակնարկում են այդ մասին:
- Որոշ լրատվամիջոցներ հավաստի տեղեկություններ տարածելու փոխարեն իրենց ստեղծագործություններն են ներկայացնում: Սա ևս չի համապատասխանում իրականությանը: