ԱԺ ՀՅԴ խմբակցությունը արտահերթ քննարկման է ներկայացրել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծ:Իհարկե, անիմաստ էր այն դնել քննարկման, քանի որ այժմ փոփոխություն է կատարվում ՀՀ Սահմանադրությունում, ուստի դրան զուգահեռ նման նախագիծ քննարկելն ուղղակի անիմաստ է և անտրամաբանական: Սակայն, ՀՅԴ-ում գտնում են, որ այդ հարցը ոչ միայն հրատապ է, այլև խիստ անհրաժեշտ և բնականաբար ուզում են նախաձեռնողը լինեն իրենք:
Ամեն դեպքում, Կառավարության ծրագիրը, սահմանադրական բարեփոխումները, համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը լակմուսի թղթի դեր կխաղան «հրաշալի քառյակի» համար: Արդեն իսկ այդ քառյակի հարաբերություններում ճողվածքներ են նկատվում, էլ ուր մնաց այդ կարևոր ու սկզբունքային հարցերի քննարկումը, երբ պարզորոշ զգացվում է շահերի և նպատակների բախում…
Սակայն ՀՅԴ-ն նաև «ձիու քայլ է» անում, քան որ ՀՀԿ-ն մտադրություն ունի սահմանադրական փոփոխություններով վերացնել նախագահի ինստիտուտը, անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, ուստի նրանք ուզում են առաջ անցնել, քանի որ մյուս քաղաքական ուժերը նախագահական կառավարման համակարգի պահպանման դեպքում համաձայն են կողմ քվեարկել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին:
Ինչևէ, ինձ թվում է «հրաշալի քառյակին» մեծ խութեր են սպասվում, իսկ իրենց խախուտ «նավակն» արդեն ճեղքեր է տվել և ահավոր ճոճովում է…