«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից սոցիալական ցանցում մի շարք արգելված հրապարակումներ, հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն և ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը՝ ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք են «Ֆեյսբուք»-ում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։ Նշյալ անձինք սկզբում ձերբակալվել են, այնուհետև, դատարանի որոշմամբ, ազատ են արձակվել, նրանցից ոչ մեկը կալանավորված չէ։ Եվ, ահա, մեր տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով անցնող անձանց մասով շուրջ 1 տարի որևէ ապացույց ձեռք չի բերվել, ուստի չի բացառվում, որ գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Ի վերջո, «Ֆեյսբուք»-ում ո՞վ է ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet