Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատուկ օրակարգ չի եղել, ձևաչափն ազատ է եղել: Հարց ու պատասխանի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:
«Ամենատարբեր թեմաներ ենք շոշափել՝ ներքաղաքական, ԵԱՏՄ շրջանակում համագործակցության: Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները և թե ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել այդտեղ և ինչպես կարելի է մշակել այդ հայեցակարգը»,-ասել է Մակունցը:
Նրա խոսքով` նախատեսվում է ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնել օրենսդարական նախաձեռնություններից մինչև տեխնիկական փոփոխությունների միջոցով:
Հանդիպմանը խոսվել է նաև Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումների մասին:
«Որևէ նոր բան չի ասվել: Այսինքն` վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում ենք ընթանալ: Հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված չէ ընդհանրապես: Խնդիր է դրված օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտն է»,-եզրափակել է Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, խմբակցության ղեկավարը պատասխանել է՝ «կարծես, թե այո»:


