«Երեկ ես անակնկալի եկա, շոկի մեջ եմ։ Հրավիրվել եմ ՊԵԿ-ի քննչական խումբ ու միանգամից, պատրաստի վիճակում, մի մեծ հատոր գործ։ Ինձ համար ներկայացրել են կալանքի միջնորդություն, որն այսօր ժամը 5-ին քննվելու է դատարանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ տարածված տեղեկատվության պատճառով Եվրասիական զարգացման բանկը հրաժարվել է տրամադրել 100 մլն դոլար վարկը, որը ընկերության հաշվին պետք է նստեր երկուշաբթի օրը, այն 1000 աշխատատեղ, իսկ մինչ այդ 500 մարդ 10-11 ամսով զբաղված էր լինելու շինարարությունում։
«Ասացին, չեն կարող ֆինանսավորել, քանի որ ձեր նկատմամբ կա քրեական հետապնդում»,-ասաց նա։
Ղազարյանը նշեց, որ զարմացած է, քանի որ ՊԵԿ քննիչներից ոչ մեկը գործի վերաբերյալ իրեն հարց չի ուղղել։

«Իմ անձնական կարծիքն է, որ «Գրինպրոդուկտ»-ում և «Վիլիջ պրոդուկտ»-ում չկարողանալով փակել իրենց թեմաները, փորձագիտական եզրակացության հիման վրա ամեն ինչը կապեցին «Սպայկա»-ի հետ և ասացին, որ իրականում «Սպայկա»-ն «Գրին Պրոդուկտ»-ի իրական սեփականտերն է, որը սուտ է։ Ասում են, Դավիթ Ղազարյանն է ամեն ինչ կուռացիա անում, ամեն ինչ ինքն է կազմակերպում։ Ես երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ տեսա մի մեծ սերվանդ, բաղկացած 150 մեծ պապկայից։ Դա «Սպայկա»-ի գործն էր։ Ասում եմ, բա ինչի՞ մի հատ հարցում չեք անում, բա կարող է մենք համաձայն ենք, ենթադրենք այդ ամեն ինչը վճարենք։ Մենք փախե՞լ ենք։ Մենք միշտ ձեր կողքը եղել ենք, չէ՞։ Ինձ ասում են, կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես։ Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ բառիս բուն իմաստով, ով ոնց ուզում է՝ հասկանա»,-ասաց ընկերության տնօրենը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այսօր հաստատեց, որ ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մանրամասները՝ տեսանյութում


