«Հայաստանը Մաքսային միությանն անդամակցում է որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ ոչ մի առնչություն չունի, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը»,-այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Զուտ իրավաբանական տեսանկյունից՝ պարոն Լավրովը ճիշտ է ասում. նախ՝ Ղարաբաղն իրեն անկախ երկիր է հռչակել, ոչ թե՝ Հայաստանի մաս, հետո՝ պետությունները միջազգային ու տարածաշրջանային կառույցներին մաս են կազմում միջազգայնորեն ճանաչված սահմաններով:
Սակայն Լավրովի ասածից հետո առնվազն երկու հարցադրում է առաջանում:
ՄՄ-ին ի՞նչ սահմաններով է անդամակցել Ռուսաստանը՝ Ղրիմի հետ, թե՞ առանց Ղրիմի: Եթե Ղրիմի հետ, ապա, ըստ Լավրովի, դա միջազգային նորմերի խախտում է, եթե առանց Ղրիմի, ապա տեղադրվելո՞ւ է մաքսակետ Ռուսաստանի ու Ղրիմի միջև:
Երկրորդ հարցադրումն ավելի շատ հասցեագրված է Հայաստանի իշխանություններին:
Արդյո՞ք Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի հանգեցնելու նրան, որ մաքսակետ տեղադրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կամ առնվազն դա չի դառնալու հերթական բազարի թեմա Երևան-Բաքու-Մոսկվա եռանկյունում, երբ Մոսկվայի ՙՙաչք փակելու՚՚ դիմաց մենք անընդհատ պետք է վճարենք մեր ինքնիշխանության, հետևաբար՝ Ղարաբաղի անվտանգության հաշվին...
Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet