ԱԺ ամբիոնից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ այսօր խորհրդարանի մոտ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անցկացրած բողոքի ակցիային:
«Ուզում եմ փաստել, չնայած կարծում եմ, որ մի քիչ շատ ենք փաստում, բայց սա մի խումբ մարդկանց՝ կանանց, աղջիկների համար է, որոնց մեր ընդդիմադիր գործընկերները բերել են ԱԺ շենքի մոտ: Բայց, ինչ էլ որ հնչեցնեն, դա վերաբերում է ընդդիմությանը, որ ապատեղեկատվություն է հաղորդում հանրությանը, զբաղվում է ստախոսությամբ: Սուտ ընդդիմություն ձևանալով փորձում է իր շուրջը համախմբել որոշ մարդկանց, որոնց ականջները, ցավոք, լսում են միայն ընդդիմությանը: Իշխանության ասածներն այլ ձևով են ընկալում, ընդդիմության ասածներն էլ «հալած յուղի» տեղ են ընդունում»,-հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ իր ակցիայի ժամանակ ամոթանք է հնչեցրել ՀՀԿ պատգամավորների հասցեին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի օգտին քվեարկելու համար:
Անի Կարապետյան