Մենք չենք կարող միջազգային հանրությանը բացատրել, որ գնացել էինք մեր զինվորի վրեժը լուծելու, բայց…
Մայիի 20-ին դժբախտաբար հերթական անգամ մենք լսեցինք մեզ համար չափազանց ցավալի լուր ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծից: ԼՂՀ Պաշտպանության բանակը տարածեց հայտարարության, ըստ որի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1994թ-ին ծնված ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը: Անհնար է նման լուր լսելուց հետո մնալ անտարբեր և հերթական անգամ չհուզվել մեր մարտական կորուստների համար: Սրան ի պատասխան մեր համապատասխան պաշտպանական կառույցների ղեկավարները (ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում) մշտապես խոստանում են վրեժխնդիր լինել և մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ պատճառել թշնամուն: Ինչ խոսք նման միջոցառումները ոչ մի կերպ չեն կարող վերադարձնել որևէ ծնողի իր զավակին, սակայն, Ադրբեջանի կողմից նման հանցագործություններն անպատիժ թողնելն էլ իր հերթին անթույլատրելի է:
Հիմա տեսեք քիչ առաջ ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել մի տեղեկատվություն, ըստ որի իբր հայկական զորքերը Ֆիզուլիի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը և դիվերսիոն խումբ են ուղարկել Ադրբեջան: Ըստ նույն այդ տեղեկատվության ադրբեջանական զորքերն իբր կարողացել են կասեցնել մեր զորքերի առաջխաղացումը, որի հետևանքով հայկական կողմը կորուստներ է ունեցել, իսկ իրենք ընդամենը երեք վիրավոր:
Այն, որ մեր կողմը կարող է և դիմած լինել «պատժիչ գործողությունների» ես այդքան էլ չեմ կասկածում, սակայն կասկածում եմ, որ գրանցված արդյունքն իրականում այն է ինչ ադրբեջանցիք են ասում: Ես գրեթե վստահ եմ, որ քիչ հետո հայկական կողմը, լինի պաշտպանության նախարարության, թե պաշտպանության բանակի միջոցով կհերքի ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը և կասի մոտավորապես հետևալ բովադակությամբ մի տեքստ`«հայկական կողմին հաջողվել է կանխել թշնամու կողմից հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով ադրբեջանական կողմն ունեցել է բազմաթիվ զոհեր և կորուստենր»: Այլ կերպ ասած սրանով ինչ-որ տեղ մենք կհաստատենք այն փաստը, որ մենք իրոք անցել ենք շփման գիծը, սակայն վերոնշյալ մեկնաբանությամբ կխուսափենք դատապարտումից: Փորձեմ ավելի հստակ բացատրել:
Տեսեք բանն այն է, որ մենք չենք էլ կարող բացեիբաց ասել, որ ձեռնարկել ենք որևէ ուժային քայլեր ընդդեմ Ադրբեջանի և առավել ևս չենք կարող միջազգային հանրությանը բացատրել, որ գնացել էին մեր Արթուրի վրեժը լուծելու, սակայն, փոխարենը կարելի է դրան տալ մեկ այլ ձևակերպում, որից ըստ էության մեզ համար ընդունելի բովանդակությունը չի փոխվի:
Կարճ ասած սպասենք մեր բանակի հայտարարությանը, կամ էլ մեկնաբանությանը պատահածին, որովհետև չգիտես թե ինչու, բայց ինձ ինչ-որ բան հուշում է, որ Ադրբեջանի երեք վիրավորներից բացի, մի քանի օր հետո կսկսեն ևս մի քանի հոգի մահանալ «տարատեսակ պատճառներից», սկսած հիվանդություններից վերջացրած ավտովթարներից…
Ինչպես բացատրենք, որ գնացել էինք մեր զինվորի վրեժը լուծելու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet