Այսօր, երբ ամբողջ աշխարհը , այդ թվում նաև Հայաստանի մայրաքաղաքում բոլորը հեռուստաէկրանների ու համակարգիչների դիմաց հուզված հետևում էին, թե ինչպես են հրաժեշտ տալիս մեծագույն հային՝ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Երևանի կենտրոնում երաժշտական աղմուկ էր…

Ամիրյան և Բյուզանդ փողոցների խաչմերուկում «Մայրիկ» ռեստորանի բացման արարողությունն էր, որին, ըստ տարածված լուրերի, նվագախումբ էր հրավիրված:
Առնվազն տարօրինակ ու տհաճ պահվածք, ինչի պատճառով , ըստ տեղեկությունների, բողոքել ու իրենց զարմանքն են հայտնել հարևանությամբ գտնվողները, իսկ երբ լրատվամիջոցներից մեկը զանգահարել է այդ ռեստորանի մենեջերին, վերջինս ասել է. ․«Կլինի հյուրասիրություն՝ ֆուրշետ, որը նվիվելու է Շառլ Ազնավուրի հիշատակին»:
Դիպուկ է նկատել լրատվամիջոցը, որ առնվազն տարօրինակ է նախապես հայտարարված միջոցառումը կապել Շառլ Ազնավուրի անվան հետ ու մեջբերել անցորդներից մեկի խոսքը «Սրանց շատ չկա, իրենց բիզնեսի համար կարող է հայտարարեն, որ Մեծն Ազնավուրի հոգեհացն են տալիս, ամոթ է»։
Նշենք, որ ռեստորանի բացմանը Շառլ Ազնավուրի երգերը չէին հնչում...Ու եթե հնչեց մեկ-երկուսն՝ բողոքներից հետո:
Հատկանշական է, որ ավելի ուշ՝ միջոցառման վարողը հիշել է Ազնավուրին, ասել , որ նա սիրում էր այցելել Բեյրութում գտնվող «Մայրիկ»-ն ու դրանով էլ երևի փորձել փրկել իրադրությունը,սակայն արդեն ուշ էր:
Տպավորությունը վատն էր:


