Կառավարության անցնող նիստում հաստատվեց ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը։
Այս ծրագրի հաստատումից հետո Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում ծավալվեց ոչխարաբուծությունը Հայաստանում զարգացնելուն խոչընդոտող գոծորնների շուրջ, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Գյուղերից մեկում էի, բոլորը ընդունում էին, որ գառների արտահանումը ամենաշահութաբեր ոլորտներից է, երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակը չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս հնարավոր անսպասելի պատասխանը, ասացին՝ հովիվների պրոբլեմ կա, չենք կարողանում հովիվ գտնել։ Այդքան հետազոտում ենք, ուսումնասիրում ենք, բայց մեկ է, պատասխանները պետք է կյանքից վերցնել, որ խնդիրներն ավելի լուրջ հասկանանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Հայաստանում ոչխարաբուծության զարգացումը կապում է ոչ թե գյուղերում հովիվների բացակայության, այլ վատ կառավարման ու վատ ծրագրերի ընդունման հետ։
«Ձեզ համար գուցե նման բաները տարօրինակ են, ինձ համար՝ ոչ։ 5 տարի առաջ ոչխարաբուծության զարգացման վերաբերյալ ծրագիր եմ ներկայացրել Կառավարությանը՝ մերժվել է։ Հիմա եկել, ասում են՝ գյուղերում հովիվ չկա, դրա համար էլ ոչխարաբուծությունը չի զարգանում։ Մերը գաղափարական, մասնագիտական ծրագիր էր, սրանց ծրագրից բան չենք հասկանում, դե պարզ է՝ իրենք էլ մեր ծրագրից բան չէին հասկանա, մասնագետ չեն։
Դե, այստեղ մի բան ճիշտ են ասում, ցավոք, ինչքան հովիվ կա, բերեցին, դարձրեցին ոստիկան, բա գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի»,-168.am-ի հետ զրույցում նշել է Հրաչ Բերբերյանը։
Նրա բնորոշմամբ՝ ոչխարաբուծության զարգացման «այբուբեն» կա, որին կառավարման օղակներում նստածները չեն տիրապետում, մի կողմից ծրագիր են ընդունում, մյուս կողմից՝ օրինակ, չգիտեն՝ քանի գլխաքանակ ոչխար կարող է Հայաստանում լինել։
«Հովիվ լինելը մասնագիտություն է, մենք Նիկոլ Փաշինյանին ասել ենք՝ եթե ձեզ հովիվ է պետք, կարող ենք կուրսեր կազմակերպել, որովհետև միայն փայտ պտտելը չէ։ Պետք է լինի հոտի շարժը կառավարելը, տեղափոխելը և այլն»,- կեսկատակ-կեսլուրջ հավելել է նա և շարունակել.
«Ինձ հետաքրքիր է, եթե նախարարը ծրագիր է ընդունում, այդ ծրագիրն ո՞ւմ հետ է քննարկել։ Ամբողջ սխալը գալիս է այնտեղից, որ կառավարման ղեկին նստածները որոշել են 10 հազարից ավելի գլուխ ոչխար ներկրել, սա սխալ է։ Կլիմայի հարց կա, ճիշտը սելեկցիայով հիբրիդների ստացումն է, որով ծնելիությունը, մսատվությունը կբարձրանա։ Այսպես ավելի առաջ կգնան, քան, եթե ներկրեն, այս աշխատելաոճը վերջը բերելու է կոռուպցիայի։ Ծրագիրը գրել են՝ առանց մասնագետի խորհրդատվություն ստանալու, տղա ջան, գնա նման առաջարկ միտինգներում արա»։
Հրաչ Բերբերյանը նաև նկատել է՝ միության հաշվարկներով՝ ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը պետք է լինի 420-450 հազար։
«Հայաստանում գառան մսի երկրպագուները շատ են, իսկ ոչխարաբուծությունը լավ բիզնես է։ Իրանը ոչխարի մսի լուրջ սպառող է, քանի որ մեր ոչխարի միսն ավելի լավն է, քան վրացականը։ Դրա համար թող այս ոլորտը զարգացնեն, թող մեզ դիմեն, կասենք՝ ինչպես են զարգացնում»,- եզրափակել է նա։