▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն

«Իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն: Եվ, եթե կան 25 տարի տևող վատ դրսևորոմներ, նշանակում է՝ բոլորս մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում: Պետության կառավարման հարցում առաջնային ցուցանիշը պետք է լինի արդյունքը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներից՝ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով խնդիր է, որ պարտությունները դարեր շարունակ բարոյական հաղթանակի պես ենք ընդունում: «Բարոյական հաղթանակն ի՞նչ է՝ դե ֆակտո պարտություն, հիմա էլ նոր բառախաղ են շրջանառության մեջ դրել՝ «տակտիկական նահանջ»: Եթե մենք ընդունում ենք, որ չի ստացվել, դա ավելի է գնահատվում, քան բարոյական հաղթանակն ու տակտիկական նահանջը»,-նշեց Հարություն Մեսրոբյանը

Փորձագետի խոսքով՝ հասարակությունը պետք է պահանջներ ունենա.

«Մենք պարբերաբար գնում ենք այն մարդկանց հետևից, որոնք տապալվել են տարբեր ոլորտներում: Ինչ պահանջում ես, այն էլ ստանում ես: Եթե ունենք այն, ինչ ունենք, ուրեմն դա էր մեր պահանջը:  Չի կարող պատահել, որ բարձր պահանջ դնենք ու ցածր որակ ստանանք»,-նկատեց Հ.Մեսրոբյանը՝ հավելելով, որ ունենք անհաջող պետական կառավարում, անորակ ընդվզում և պարբերաբար հուսահատվող ժողովուրդ:

Իսկ, թե որն է ելքը՝ փորձահետը նշում է.

«Պետք է փոխենք մեր պահանջները, պարտադրենք, որ գան պրոֆեսիոնալները, և հետո բոլորը պետք է պատասխան տան՝ առաջին հերթին ընդդիմադիրները»:

Նա նկատում է ընդդիմությունն իրեն իշխանության  նման է պահում, ավելին, որոշ ժամանակ անց սրանք հայտնվում են ու ժողովուրդը կրկին նրանց հետից է գնում, այն դեպքում, երբ նրանք մի քանի անգամ տարբեր ոլորտներ տապալել են. 

«Բոլորն էլ կարող են սխալվել, բայց տապալվողը պատասխան է տալիս, իսկ ընդդիամիդրներն իրենց պահում են ինչպես իշխանականները, որ տապալվում են, բայց այնպես է հանդես գալիս, կարծես ոչինչ չի եղել: Եթե գիտեք, որ վարորդը պարբերաբար վթարային իրավիճակ է ստեղծում, կնստե՞ք այդ մեքենան: Իհարկե ոչ:  Իսկ պետության կառավարման դեպքում ինչո՞ւ ենք հակառակն անում: Երբ խոսքը գնում է պետական կառավարման մասին՝ դառնում ենք 10 ամսական ռոմանտիկ երեխա»,-նկատեց կառավարման փորձագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее