Այսօր՝ հուլիսի 7-ին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ մատուցվեց Սբ Պատարագ: Հայ առաքելական եկեղեցին նշեց տաղավար տոներից երրորդը՝ վարդավառը: Հիսուսի պայծառակերպության տոնը նշվում է Զատկի տոնից 98 օր հետո: Այս տոնը հայկական ավանդական տոներից է, այն ամենամեծ եկեղեցական ամառային և ամենասիրված տոնն է Ջավախքում:Վարդավառին ջավախքցիներն անհամբերությամբ են սպասում: Ամենուր, ջրով լի դույլերով և շշերով երեխաները ջրում են միմյանց և բոլոր անցորդներին: Ավանդույթի համաձայն այս օրը բոլորն իրար ջրում են, և ոչ մեկը մեկից չի նեղանում, որովհետև մարդիկ հավատում են, որ ջրվելու դեպքում կկատարվի նրանց ցանկությունները:Ըստ ազգագրագետների Ջավախքում վարդավառի օրը մարդիկ ծաղկեփնջեր են տարել եկեղեցի: Այս տոնին սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, որը գալիս է Նոյ նահապետի օրերից, ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:Վարդավառ գիշերը եկեղեցում կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին: Քահանաները, զգեստավորված, միաբան, վառվող մոմերը ձեռքներին գալիս են ատյան և սկսում «Որ ի լերինն այլակերպեալ» շարականը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ յայտնեցար ի Թաբոր լերինն, ողորնեա՜ մեզ»: Ապա խաչով և Ավետարանով թափոր են կազմում՝ ասելով «Տեր երկնիցը»: Այսօր ընթերցվում է սուրբ Եղիշե վարդապետի Տիրոջ այլակերպության վերաբերյալ ասված աղոթքը:Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող կիրակնօրյա դպրոցում անցկացվեց վարդավառին նվիրված հանդիսություն:Միջոցառումը նվիրված էր Վարդավառին, սակայն երեխաները այն սկսեցին մայրենի լեզուն փառաբանելով և տերունական աղոթքով: «Եթե չունենայինք մեր մայրենին՝ հայերենը, չէինք հասկանա մեր աղոթքի միտքը»: Այնուհետև միջոցառումը շարունակվեց Տիրոջ Պայծառակերպությանը նվրիված բանաստեղծություններով և ավանդապատումներով: «Նման միջոցառումները օգնում են երեխաներին ծանոթանալ եկեղեցական տոներին: Ջավախքի երեխաները եկեղեցուց շատ հեռու էին, կիրակնօրյա դպրոցի շնորհիվ նրանք մոտեցան եկեղեցուն»,- ասաց կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ՝ Զարուհի Բերբերյանը:Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող կիրակնօրյա դպրոց են հաճախում 70-ից ավելի երեխաներ՝ Ախալքալաքից և շրջական գյուղերից: Նրանց շաբաթական մեկ անգամ դասավանդվում է՝ մանուկների Աստվածաշունչ, եկեղեցական տոնագիտություն, Հայ եկեղեցու պատմություն, քրիստոնեություն, ինչպես նաև հոգևոր և հայրենասիրական երգեր:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան