Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել: Նրա խոսքով՝ Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից: Ընդ որում՝ բարձրաստիճան սպան բաց տեքստով նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու վերաբերյալ այս սպառնալիքի հրապարակայնացումը որևէ կերպ չի կասեցնի դրա իրագործումը: Այս երևույթը շատ խորը արմատներ ու պատճառներ ունի, սակայն Նախախորհրդարանը դրանց կանդրադառնա հետագայում՝ ըստ անհրաժեշտության: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանից արտաքսելու մտադրության պատճառը ոչ թե Քեսաբի ազատագրման հարցում նրա ենթադրյալ կազմակերպական միջամտությունն է, այլ ռեժիմին հեռացնելուն ուղղված նրա գործողությունները: Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեր ժողովուրդը դիմավորելու է առանց ռեժիմի՝ ազգային պետության տանիքի ներքո: Ժամանակի հետհաշվարկն սկսված է: Ռեժիմին մնացել է ոչ ավել, քան 48 շաբաթ:
Երևան 24.05.2014 թ.