«Եթե օմբուդսմենին ձեր ճնշելը ժողովրդի բարրօրության օգտին է՝ ճնշեք, ի սեր Աստծո, կարևորը ժողովուրդը շահի»,- այս մասին ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է այսօրվա ԱԺ նիստին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, երբ վերջինս փորձել էր տեղից արձագանքել օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ ԱԺ-ում օմբուդսմենի 2012 թ. գործունեության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների մասին զեկույցի քննարկման ընթացքում:
Մինչ այդ Զ. Փոստանջյանը մի քանի հարց է ուղղել օմբուդսմենին, սակայն ակնհայտորեն պատասխաններից դժգոհ է մնացել: Մասնավորապես՝ Զ. Փոստանջյանը դժգոհել է օմբուդսմենի զեկույցում բնապահպանությանը, մարտի 1-ի դեպքերին ոչ պատշաճ ուշադրությունից: Նա նաեւ հարց է ուղղել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի մասին:
Կ. Անդրեասյանը պատասխանել է, որ ճիշտ չէ բնապահպանական խնդիրները քննարկել առանձին-առանձին՝ առանձնացնելով ասենք Թռչկանը խոշոր հանքերի խնդիրներից: Մարտի 1-ի հետ կապված Կ. Անդրեասյանն ասալ է, որ հարցը դեռ նախաքննական մարմնում է, ուստի օմբուդսմենը չի կարող միջամտել նախաքննական մարմնի գործունեությանը: Բանակում մահացած զինվորների թվի վերաբերյալ Կ. Անդրեասյանը հստակ տեղեկություններ չի ունեցել:
Հիշեցնենք, որ նշված նիստին Զարուհի Փոստանջյանն իր «վերջին նկատողությունն է» ստացել: