armsport.am-ը գրում է. Մարտի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում ստուգողական հանդիպում անցկացրին Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, որի ավարտից հետո լրագրողները չկարողացան հարցեր ուղղել մարզիչներին: Իսկ հարցերը բավական շատ էին, բայց հետխաղյա ասուլիս տեղի չունեցավ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով նաեւ գլխավորում է «Արարատը», առաջնության հանդիպումներից հետո պատասխանում է միայն ակումբին վերաբերվող հարցերին, իսկ ահա հավաքականի վերաբերյալ նա խուսափում է խոսել, ինչի իրավունք ունի, քանի որ առաջնության խաղի օրը նա առաջին հերթին «Արարատի» մարզիչն է: Միաժամանակ, Սուքիասյանը ազգային թիմի հավաքների ընթացքում պետք է խոսի նաեւ հավաքականից, ինչը վերջին շրջանում տեղի չի ունենում:
Կարելի է ենթադրել, որ պատճառներից մեկն այն է, որ հավաքականում սկսվել են անհասկանալի կադրային փոփոխությունները, որոնք մարզչի ցանկությամբ չեն կատարվում:
Կասպարովը, Արզումանյանը եւ Մովսիսյանը՝ սեւ ցուցակում
Լավատեղյակ աղբյուրներից armsport.am-ին հայտնի դարձավ, որ Վարուժան Սուքիասյանը հրահանգ է ստացել հավաքական չհրավիրել հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովին, պաշտպան Ռոբերտ Արզումանյանին եւ հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Ռոբերտ Արզումանյանը երեկ news.am-ին հայտնել է, որ ավարտում է կարիերան հավաքականում. «Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը: Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ»:
Այս հայտարարությամբ Արզումանյանն առաջ անցավ ՀՖՖ-ից՝ ցույց տալով, որ խիստ վիրավորված է նախորդ տարի տեղի ունեցած հայտարարություններից եւ անկախ հրավերից, ինքը չի պատրաստվում կուլ տալ վիրավորանքը:
Ազգային թիմի օրերս կայացած հավաքին չէր մասնակցում դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Ռոման Բերեզովսկու՝ կարիերան ավարտելուց հետո, Կասպարովը դարձավ հավաքականի հիմնական դարպասապահը: Գաղտնիք չէ, որ ներկայում Հայաստանում դարպասապահների լուրջ խնդիր կա եւ Կասպարովը միակն է, ով իր փորձով եւ խաղամակարդակով համապաստախանում է ազգային թիմի դարպասը պաշտպանելուն: Հայկական ֆուտբոլին քիչ թե շատ հետեւող ցանկացած անձ կարող է փաստել, որ ներկայում Հայաստանում Կասպարովին փոխարինող դարպասապահ պարզապես չկա եւ առանց նրա ԱԱ-2018-ի ընտրական փուլում հանդես գալը արկածախնդրություն է լինելու, որը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ, ինչպես դա տեղի ունեցավ 2011թվականի Իռլանդիա-Հայաստան (2:1) բախտորոշ խաղում, երբ Կասպարովի փոխարեն անհասկանալի կերպով մրցավայր ուղեւորվեց անփորձ Արսեն Պետրոսյանը…
Հաջորդ ֆուտբոլիստը, ով Եվրո-2016-ի ընտրական փուլի արդյունքում հայտնվել է սեւ ցուցակում, Յուրա Մովսիսյանն է: Փորձառու հարձակվողը նախորդ տարի խաղային ճգնաժամի մեջ էր եւ անհաջող հանդիպումներ անցկացրեց նաեւ հավաքականում, ինչից հետո նրա տարաձայնությունները ՀՖՖ-ի հետ ավելի խորացան: Այժմ Մովսիսյանը հանդես է գալիս ԱՄՆ-ում՝ «Ռեալ Սոլթ Լեյքում» եւ աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում:
Ընտրության հնարավորություն չկա
Նման խմորումներ եւ կադրային ջարդեր լինում են շատ հավաքականում: Օրինակ, Ֆրանսիայի հավաքականը վերջին տարիներին անընդհատ բախվում է նման խնդիրների հետ, սակայն ֆրանսիացիներն ընտրության շատ մեծ հնարավորություն ունեն եւ կարող են 3 հավասարազոր կազմ հավաքագրել:
Հայաստանի դեպքում ընտրության հնարավորությունը խիստ փոքր է եւ թե՛ Ազրումանյանի, թե՛ Կասպարովի, թե՛ Մովսիսյանի հեռանալը շատ մեծ հարված է լինելու հավաքականի կազմին: Նման հարվածներից հետո ԱԱ-2018-ի ուղեգրի մասին խոսելը դառնում է ավելորդ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում