Մայիսի 8-ին Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը որոշիչ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանականաբար, այս կապակցությամբ եղան բազմակողմ արձագանքներ, ինչպես Հայաստանից, Արցախից և մեր սփյուռքից, այնպես էլ Ադրբեջանից: Դժվար չէ թերևս պատկերացնել, որ մենք տարբեր մակարդակներով ողջունեցինք այս քայլը, իսկ ադրբեջանցիք, իհարկե, քննադատեցին դա, ինչպես նաև պարզապես մի լավ նեղվեցին այդ առիթով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ պատահածը չափազանց գերագնահատվեց Հայաստանի կողմից և նույնքան թերագնահատվեց Ադրբեջանի կողմից: Այլ կերպ ասած` էմոցիաները կամ էլ ինչ-ինչ քաղաքական հանգամանքները թույլ չտվեցին անկեղծ գնահատականներ տալ, ո´չ մեզ, ո´չ էլ ադրբեջանցիներին:
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Էլման Աբդուլաևը, մեկնաբանելով ընդունված բանաձևը, նշեց, թե իբր այդ փաստաթուղթը ոչ մի իրավական կամ էլ քաղաքական նշանակություն չունի և իբր հակասում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Սակայն հենց նույն հայտարարության մեջ քննադատեց նույն ԱՄՆ-ին` ասելով թե իբր այդ երկիրը խրախուսում է ագրեսորենրին` (այս դեպքում իբր Հայաստանին) ձեռնարկելով նման սադրիչ քայլեր, որոնք իրենց հերթին բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային անվտանգության վրա: Մինչդեռ մեր ԱԳՆ-ն ի դեմս նախարար Նալբանդյանի, որջունելով այդ բանաձևի ընդունումը ասել է մասնավորապես հետևյալը. «Որքան Ադրբեջանը շարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»:
Նախ սկսենք նրանից, որ Ադրբեջանն ինչքան էլ չուզենա կամ էլ չցանկանա դա տեսնել, բայց վերոնշյալ բանաձևը, քաղաքական նշանակություն ամեն դեպքում ունի, գուցեև ոչ առանցքային ներկա պայմաններում, բայց նման միտման շարունակականություն դեպքում այն կարող է և ունենալ: Երկրորդ` եթե չունի, ապա ինչու է Ադրբեջանը ահռելի ռեսուրսներ ծախսում խոչընդոտելու համար ԱՄՆ-ի տարբեր նահանգներում նմանատիպ որոշումների ընդունումը և ի վերջո ինչու է սա լուրջ ընկալում և դիտում որպես սադրանք այն էլ այնպիսի սադրանք, որը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանի գնահատակին, թե նման բանաձևերը այժմ և ապագայում ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար, կարծում եմ, որ սա ևս չափազանցություն է: Մեծ հաշվով այս բանաձևերի ընդունումը նպաստում են կամ էլ կնպաստեն Արցախի միջազգային ճանաչմանն այնքանով, որքանով որ ցեղասպանությունը ճանաչող նահանգային բանաձևերն են նպաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այլ կերպ ասած երազանքների գիրկն ընկնելն էլ մի բան չէ: Հասկանալի է, որ նման միտում, եթե նկատվի ինքնիշխան երկրների շրջանում, ապա դրանք շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն կունենան Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց ներկայիս միտումը, որ նկատվում է նահանգային մակարդակում այն կշիռը չունի, որը մեզ համա առավել ցանկալի կլիներ:
Գիտեք ինչ, այնպես էլ չէ, որ այս ամենի իրական արժեքը չեն հասկանում ադրբեջանական կողմում կամ էլ հայկական, պարզապես ինչպես որ սկզբում նշեցի այս հայտարարությունները պայմանավորված են որոշակի քաղաքական հանգամանքներով: Ադրբեջանում փորձում են անել այնպես, որպեսզի ադրբեջանցիք չհուսալքվեն, իսկ Հայաստանում ճիշտ հակառակը, որպեսզի հուսադրվեն հայերը: Ճիշտ հասկացեք, չեմ ուզում թերագնահատել Կալիֆորնիայի կողմից ընդունված բանաձևը, բայց համենայնդեպս ոգևորվել և համարել դա լուրջ ձեռքբերում ևս չեմ պատրաստվում: