Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։
Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Մաշտոցի բաժինների գործընկերների հետ։ Ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները, իսկ նոյեմբերի 26-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Ժամեր անց Ապարանի, Աշտարակի և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածվողներին։
Երևանի Նորաշեն թաղամասից ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Աշտարակում հայտնբերվեց ու բերման ենթարկվեց Աշտարակի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Արագած գյուղում էլ, որտեղ տեղի էր ունեցել դեպքը հայտնաբերվեց երրոդ անդամը։ Հենց Արագածում ապրող 37-ամյա տղամարդը ևս բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։
Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։