Փոխոստիկանապետին եւ Երեւանի քաղաքապետին հակադարձելուց հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը yerkir.am-ին հայտնել էր, որ առանձին տեքստով անդրադառնալու են նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի գնահատականներին՝ կապված «Որոտան»-ի վաճառքի հետ:
yerkir.am-ն այսօր ներկայացրել է Վիկտոր Սողոմոնյանի պատասխանը՝ Արմեն Մովսիսյանին:
«Ցավոք, կառավարությունում տասից ավելի տարիներ աշխատած նախարարը չի հասկացել /կամ ձևացնում է, որ չի հասկացել/ տարբերությունը կառավարության կողմից ձեռնարկության` իբրև գույքային համալիրի մասնավորեցման և կառավարության համաձայնությամբ ձեռնարկության իսկ կողմից ակտիվների օտարման միջև: Առաջին դեպքում դա օրինական մասնավորեցում է` գումարները մտնում են ՀՀ բյուջե և, համապատասխանաբար, ծախսվում Ազգային ժողովի վերահսկմամբ: Իսկ երկրորդում՝ թաքնված /ապօրինի ու անհասկանալի/ սեփականացում է, որի միջոցները գնում են ձեռնարկության սեփական հաշիվներին և, համապատասխանաբար, կարող են ծախսվել՝ շրջանցելով խորհրդարանը: Վատ շարժառիթ չէ այդ ձևով 180 միլիոն դոլար ձեռքի տակ ունենալու համար: «Որոտանի» վերաբերյալ որոշումը հենց այդպիսին է` կառավարությունը հավանություն է տալիս ձեռնարկության կողմից իր բոլոր էներգետիկ ակտիվների օտարմանը, իսկ գործարքի միջոցները /180 մլն դոլար/ պետք է գնան մի ձեռնարկության հաշիվներին, որը արդեն, փաստորեն, գոյություն է ունենալու միայն թղթի վրա: Ի դեպ, Որոտանը 2006թ. հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից /ՀՕ-124-Ն 31.05.2006թ./, այսպիսով, իբրև գույքային համալիր, ձեռնարկության ի՞նչ մասնավորեցման մասին է խոսում նախկին նախարարը: Նրա կողմից բերված օրինակները ոչ մի ընդհանուր բան չունեն «Որոտան»-ի արտասովոր վաճառքի դեպքի հետ: Իսկ Հրազդանի ՋԷԿ-ը ընդհանրապես վաճառվել է «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում՝ ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքի ընդունմամբ և Սահմանադրական դատարանում նախնական քննարկմամբ: Ա.Մովսիսյանի հայտարարությունն այն դեպքն է, որի համար մտածվել է «Լռությունը ոսկի է» ասացվածքը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ որակի խորհուրդներ կարող է տալ այսպիսի «խորհրդականը» նախագահին»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում