▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍ նախարարը քար լռություն պահպանեց մի շարք աղաղակող խնդիրների կապակցությամբ․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսելու ու լռելու գինը, կամ բաց նոթեր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման առիթով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդարձակ գրառումով անդրադարձավ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից հեռացնելու որոշման հիմնավորմանը։ Տեքստն, ինչ խոսք, չինովնիկական հռետորաբանության գլուխգործոց է, սովետական արատավոր վարչարարության մնացուկային դասական նմուշ։ Ինչպես ասում են, ամեն ինչ տեղը տեղին մանրամասնելով տիկին նախարարը փորձել էր իր լսարանին համոզել նախարարության որոշման հիմնավոր լինելը։ Չեմ ցանկանում այս պահին դատավորի կեցվածք ընդունել և պաշտպանել որևէ մեկին։ Գտնում եմ, որ Անի Եղիազարյանն իր իրավունքները պետք է պաշտպանի դատական կարգով։ Ես առավել քան վստահ եմ, որ Անիի դեմ նման գործելաոճը բոլորովին այլ հիմքեր ու հիմնավորումներ ունի․․․ Կմանրամասնեմ շուտով։
Իր գրառումը տիկին նախարարը ավարտում է հետևյալ տողերով «Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին լոկ ցանկանում եմ հիշեցնել, որ այս տարվա ընթացքում նախարարը քար լռություն պահպանեց ու ոչ մի կերպ չարձագանքեց մի շարք աղաղակող խնդիրների կապակցությամբ, որոնք հանրայնացնում էի ողջ տարվա ընթացքում։ Մասնավորապես․
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ ահազանգում էի դպրոցական դասագրքերի խայտառակ հրատարակությունների ու բովանդակության առթիվ
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ ահազանգում էի, որ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտից հարյուրավոր փաստաթղթեր ու բնօրինակ լուսանկարներ ոչնչացման են տարվել զուգարանի թղթի արտադրամաս
• Նախարար Անդրեասյանը լռության մատնեց «Հայկական թատերական ընկերության» հարուստ գրադարանի ու արխիվի ոչնչացումը զուգարանի թղթի արտադրամասում
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ մի ողջ բուհական գրադարան արժեքավոր ու հազվագյուտ միավորներով կրկին հայտնվել էր նույն թղթի արտադրամասում
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ ահազանգում էինք, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը մի քանի քրեորեն հետապնդելի արարքներ է թույլ տվել, այդ թվում կոծկելով ֆինանսական կարևոր փաստաթղթերի ոչնչացման փաստը։
• Նախարար Անդրեասյանը լռում է, երբ Երևանի տարածքում ոչնչացվում են պետության պահպանության տակ գտնվող հուշարձան շենքեր ու պատմական միջավայրեր
• Նախարար Անդրեասյանը լռում է, երբ Գիտությունների ակադեմիայում խարդախ ու անօրինական ճանապարհով հինգերորդ անգամ անընդմեջ տնօրեն է ընտրվում ամեն ինչ տապալած ու բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ «փայլատակած» անձը։
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատողները իրենց հարցազրույցներով ու «գիտական» հրապարակումներով առատ նյութ են մատուցում ադրբեջանական քարոզչությանը, Հայաստանի ու հայության դեմ շահեկան արշավ սկսելու համար։
• Այս տարի պատմության նոր դասագրքերի պատրաստման կապակցությամբ ամռանը հանրային հայտարարությամբ հանդես եկա, առաջարկելով ԱՆՎՃԱՐ, հասարակական հիմունքներով ծանոթանալ ու համապատասխան առաջարկներ անել խայտառակ բովանդակությամբ դասագրքեր տպագրելու արատավոր նախադեպերից խուսափելու համար։ Նախարարությունը լռեց ու չարձագանքեց իմ առաջարկին։ Արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք։ Այս կապակցությամբ մանրամասն իմ գրախոսությունը կհրապարակվի մոտ օրերս․․․
Ու այս ամենը միայն 2023 թվականի կտրվածքով․․․»:

***

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը՝ ստորև․ «Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։ Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։
Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։
Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։ Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее