▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություն է, որ նախարարը նախկին տնօրենին պատժում է` իրեն չենթարկվելու համար

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկաթյա լեդիի իմիջին ձգտող կրթության նյախարար Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն կամ պարզաբանում չի տալիս արդեն մեկ շաբաթից ավել հանրային դաշտում բարձրաձայնվող` Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրենին պաշտոնից հեռացման հարցին։ Նախարարը չի արձագանքել նաև արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանի հանդիպման խնդրանքին։ Դատելով նախկին տնօրենի հրապարակային ելույթներից` հարցն, իրոք, պարզաբանման կարիք ունի։ Նախարարությունից հնչած միակ կտրուկ պատասխանն է՝ նախկին տնօրենը խախտել է օրենքը։ Հատկապես այս դեպքում նախարարի համար հեշտ պիտի լիներ արձագանքելը։ Փառք Աստծո, այդ խախտումից զոհեր և վիրավորներ չկան։ Տպավորություն է, որ նախարարը նախկին տնօրենին պատժում է` իրեն չենթարկվլելու և ոչ թե օրենքի խախտման համար, հատկապես որ` խախտում ասվածը խիստ հակասական է։ Տարակուսելի է, թե ինչու է նախարարը մերժում հանդիպման խնդրանքը։ Նախկին տնօրենը մեկ տանամյակից ավելի նվիրումով աշխատել է թանգարանում, ինչպես տեսնում եք, ունի նաև հանրային լայն աջակցություն։ Ի վերջո օրենքը մարդու համար է և մարդուց թանկ չէ»։

Թարմացված․ Անի Եղիազարյանը, ով 2019 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է, գրում է. «Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ... /Հ.Թ./

Ուշադրություն
Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/:

Սա ձևակերպվում է` որպես միակ լուծում, քանի որ հակառակ դեպքում կհամարվի Գերատեսչության կողմից ընկրկում, իսկ առանց խոնարհումի և քծնանքի գործելը նախադեպային բնույթ կկրի. շատերի մոտ համարձակություն կծնվի: Վերջինս, կարծես, այդքան էլ լավ բան չէ:

Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված:

Սակայն վստահ եմ, որ Հովհ. Թումանյան թանգարանի բացառիկ նվիրյալ աշխատակիցների թիմային ու ներդաշն գործելու շնորհիվ շարունակվելու է Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ աշխարհի հեռավոր անկյուններում, հայ մարդուն և օտարին հաղորդակից դարձնելու առաքելությունը էն Անհուն աշխարհին, որ կոչվում է թումանյանական խոսքի, մտքի աշխարհ: Քանի որ ամենուր այն ընդունվել է իբրև լույսի, ճշմարտության, հումանիզմի և իմաստնության ձգտման մի ճանապարհ: Եվ այդ ճախրանքը ոչինչ և ոչ մեկ չի կարող կասեցնել:

ՀՀ ԿԳՄՍ որոշ պաշտոնյաների՝ սեփական անգործությունը քողարկելու համար նման գործելաոճ որդեգրելը միայն ժպիտ է առաջացնում:

Նմանը չունեցող գայլուկը գործեց իր ճիգերի ամբողջ ուժով: Եվ քանի որ կարողություններից շատ էր ճիգը, վրիպումների մի ողջ շղթա հյուսեց:

Հարգելի՛ տիկին նախարար Ժաննա Անդրեասյան, խնդրեմ հնարավորություն տվեք Ձեզ հետ հանդիպումների և բաց զրույցների՝ առանց միջնորդների:

Ճշմարտությունը երբեք չի կորչում: /Հ.Թ./»։

Թարմացված․ Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս միջակությունների, չմո հավակնոտների անարժեք ու անսկզբունք ժամանակներում, եթե մարդու հետևից այսպես ասած՝ ընկած ես, անպայման, ցավոք, անպայման կգտնես, մեծ ճիգերով, ջանքով, անգամ ստորանալու գնով կգտնես որևէ պատճառ, առիթ՝ նրան վնասելու և ուզածիդ հասնելու: Ես հաստատ չգիտեմ, գուցե էդ ֆորմալ պատճառն իրոք կա, բայց էդ ֆորմալություններն ու հազարումի զըրթուզիբիլ չինովնիկական ձևականություններն ինձ համար գրոշի արժեք չունեն էս դեպքում, որովհետև կա Անի Եղիազարյանի խոսքը, իսկ Անին էն մարդն է, որին հատկապես էս դեպքում հավատում ու վստահում եմ անվերապահորեն: Թող ինձ ներեն մյուս թանգարանների տնօրենները, որոնցից շատերն իմ ընկերներն ու մտերիմներն են, բայց Անին իր աշխատանքով ինձ համար թանգարանի տնօրենի չափանիշ է: Սերը, գիտելիքը, նվիրվածությունը, կրեատիվությունը, գործից հասկանալը վերջապես․․․ Մի քիչ հետ նայեք ու կտեսնեք, թե նրա կատարած աշխատանքը, մշակած ու իրականացրած ծրագրերը շղթայական ինչ ռեակցիա են ունեցել մյուս թանգարանների աշխատանքների լավարկման գործում: Ու նրա դեմ դավեր նյութողը, էս ամեն ինչից ուրախացողը՝ տեսնես գիտի՞ ինչ բան է թանգարանային գործը, տեսնես գիտի՞, որ տնօրեն լինելը մենակ էդ փափուկ բազկաթոռներին վեր ընկնելն ու ինչ-որ թղթեր ստորագրելը չի, տեսնես գիտի՞, որ դա բարձր ծառայություն է բարձր արժեքների: Տեսնես գիտի՞, թե, ասենք, ինչ բան է որևէ գրողի երկերի ակադեմիական հրատարակություն ասվածը, գիտի՞ մեծի ժառանգությունն ինչ է, դրա հետ հոգատարությամբ վերաբերվելն ինչ է․․․ Ու ընդհանրապես, լիքը ի՞նչ է-ներ տեսնես գիտի՞․․․
Անիի կատարած աշխատանքն էս տարիների ընթացքում էն լավագույն ու լավատեսական մեսիջներից է, որ հնարավոր է ինչ-որ բան կարող է դեպի դրականը փոխվել էս բամբասանքներով լեցուն ու վատի, անարժեքի կույր պաշտամունքների գերի հասարակությամբ երկրում: Էդ ի՞նչ եք անում, արա՛, էդ ո՞ւմ վրա եք ձեր ստոր ու չնչին հավակնությունների ժանգոտ ու բութ սուրը բարձրացրել, էդ իբր ի՞նչ սկզբունքայնության խաղեր եք տալիս․․․
Ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Անի Եղիազարյանին: Նա ինձ համար էս երկրի լավ գալիքի, բարձր խոսքի ու արժեքների, նվիրյալ ու գիտակ աշխատանքի, վերջապես կիրթ ու զարգացած հասարակություն ունենալու հավատի խորհրդանիշ ու երաշխիք է: Դուք ո՞վ եք, արա»:

Թարմացված․ ԿԳՄՍՆ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը գրել է. «Թումանյան թանգարանի տնօրենին կառաջարկեմ
դատարան դիմել
Վերջին արհավիրքից հետո, ես որևէ գրառում այս կամ այլ հարթակներում չեմ արել: Անիմաստ էր թվում գրվելիք ամեն բառը: Բայց Թումանյանի թանգարանի շուրջ ծավալված դեպքերին չեմ կարող չանդրադառնալ: Այն, ինչ կատարվեց, ոտնձգություն է թանգարանի վերելքի հանդեպ: Իհարկե, Հայաստանում կատարված և կատարվող դեպքերի համատեքստում այս պատմությունը շատ լավ ներդաշնակվում է՝ ծուռ հայելիների, անբովանդակության, Հայաստանյան և, ընդհանրապես, հայկական արժեքների նկատմամբ քինախնդրության հետ: Ինչևէ: Նախարարության հիերարխիկ բոլոր աստիճաններում ծառայողները կարևոր նպատակ պետք է ունենան՝ սատարել, օգնել ստեղծարար մտքով, կարողություններով, գաղափարներով, անշահախնդրությամբ տոգորված պետական կամ ոչ պետական կառույցներին: Իսկ այն կառույցները, որ այդպիսին չեն, պետք է հասկանալ պատճառները և էլի սատարել բարձրացնելու համար: Բարձրացնելու, ոչ թե ոչնչացնելու: Չինովնիկներ, հիշե՛ք, առանց լավ աշխատող թանգարանների, գրադարանների, թատրոնների, դուք ոչինչ եք:
*Փորձը ցույց է տալիս, որ «ոչինչները» սովորաբար մեծ ամբիցիաներ են ունենում, սնափառ են և մանրախնդիր: Իրենց ենթակայությամբ աշխատողների նկատմամբ բանեցնում են բարոյական ճնշում և անապահով մթնոլորտ են ստեղծում: Սովորաբար իրենց անպարտելի են զգում հանրային ծառայողի իմունիտետով, պաշտոնի ընձեռնած լծակները օգտագործում են վնասարարության համար, ինչպես եղավ Թումանյանի թանգարանի պարագային: Ի՞նչ շարժառիթներով (գուցե անձնական) վարչության որոշ պաշտոնյաներ, որ իրենց կարևոր անձ են երևակայում, նյութեցին այս դավերն Անի Եղիազարյանի հանդեպ: Եթե նույնիսկ թղթաբանական կամ որևէ այլ թերացում է եղել տնօրենի կողմից, ինչո՞ւ նախազգուշացնող իրավական քայլեր չարվեցին, ինչո՞ւ նկատողությամբ հնարավոր չէր սահմանափակվել: Նժարներին չդրվեցին արված մեծ և որակյալ աշխատանքը մի կողմից և թերացումը՝ մյուս: Անին Սահմանադրությո՞ւն էր խախտել, ՀՀ-ի տարածքը հրապարակավ ճանաչել էր առանց Դսեղ գյուղի՞, թե ինչ առավել սոսկալի բան էր կատարել: Անիին կառաջարկեմ դատարան դիմել:
*Ոլորտի ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ գիտեն ով՝ ով է այս պատմության մեջ: Այս դեպքով լյուստրացիա տեղի ունեցավ, իրենց մեծ կարծող, բայց իրականում փոքրիկ մարդկանց լյուստրացիա: Այնպես որ, լավագույն տարբերակը նրանց համար կլինի կամավոր ազատման դիմում գրելը:
* Դուք ոչ միայն կորցրիք թանգարանի մի ուժեղ տնօրեն, այլև կորցրիք ինքներդ ձեզ:
Հ.Գ. Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: Հ.Թ.»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին