Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության ընդունած որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը: Ակնկալվում է ապահովել կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու դիմումը հարկային մարմին ներկայացնելու և կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու, ինչպես նաև մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգերը: Մեկ այլ որոշմամբ կապահովվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի և «Եկամտային հարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի առանձին դրույթների կիրարկումը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրն ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը: