Երեւանում, դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երեւանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել եւ հնչել են կրակոցներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: