Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ կարծես թե հայտնի են իրավապահներին և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: