Երեկ՝ փետրվարի 29-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, , ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 48-ամյա Արթուր Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, 26-ամյա Էդուարդ Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողցի բնակիչ, 24-ամյա Սպարտակ Դերձյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 12/1 հասցեի մոտից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց ժամանած վիրավորների հարազատներից մեկը կոտրել է 3-րդ հարկի դռան ապակին՝ խոչընդոտելով բժիշկների աշխատանքը: