▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարիսա Ալավերդյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու հոգեկան լինել-չլինելու մասին

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հոգեկան առողջական խնդիրներին, որի համաձայն վերջինս 3 տարի ժամկետով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ասաց, որ անկախ այս դեպքից, առահասարակ, նման մանիպուլյացիաներն ավարտվում են անհաջողությամբ:

«Ես շատ անգամներ եմ զբաղվել նման գործերով, երբ առողջ մարդուն փորձել են վերագրել հոգեկան առողջական խնդիրներ, սակայն հազվադեպ են դրանք ստացվել: Եթե պարզվի, որ դա կեղծիք է, ապա պետք է պատասխանատվություն կրեն համապատասխան բժշկական հանձնաժողովի անդամները, իսկ եթե պարզվի, որ իրականում կա այդ խնդիրը, ապա պետք է համոզվել՝ արդյոք դա՞ է եղել պատճառը, որ նա ֆիզիկական ծանր վնաս է հասցրել իր համաքաղաքացուն»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ միշտ չէ, որ անձին վերագրելով հոգեկան խնդիրներ՝ ազատում են քրեական պատասխանատվությունից:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Տիգրան Խաչատրյանի մոտ ախտորոշվել է «նևրասթենիա», այնինչ նրա հայրը պնդում է, որ որդին որևէ հոգեկան առողջական խնդիր չունի՝ առաջին օմբուդսմենն ասաց. «Նախարարությունն առաջնահերթ պաշտպանում է գերատեսչական շահը, սակայն, եթե Սուրիկ Խաչատրյանն ունի հակափաստարկներ, ապա դրանք պետք է դառնան նախաքննության առարկա»:

Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալումը ընդամենը իմիտացիա է՝ Սահմանադրական բարեփոխումներից առաջ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ասեկոսեներով չի առաջնորդվում:

«Որքան շուտ իշխանությունն առաջնորդվի օրենքով և մեկ սկզբունքով, որ օրենքի առջև բոլորը հավասար են, այնքան շուտ կունենանք իրավական պետություն: Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպերը պատիվ չեն բերում ոչ միայն իրեն, այլ նաև մեր երկրին»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: 

Հեղինակ՝ Հ. Մուրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее