▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ձայն բարբառոյ յանապատի

Թեեւ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին» ես անդրադարձել եմ արդեն երիցս (11.02.2015; 17.02.2015; 01.03.2015), սակայն հարկ եմ համարում եւս մեկ անգամ ահազանգել այդ փաստաթղթի պարունակած վտանգների մասին, որոնք, չեմ կասկածում, մոտ ապագայում լուրջ խնդիրներ են առաջացնելու Հայաստանի համար: Ահազանգիս հիմքում ընկած է այն իրողության գիտակցման անհրաժեշտությունը, որ հռչակագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ արված հավուր պատշաճի մի հայտարարություն, այլ մեր երկրի արտաքին քաղաքականության կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն հիմնախնդիրների լուծման, այլ կերպ ասած, Հայաստանի պետական շահերի տեսակետից:

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակենսական ու կարեւորագույն խնդիրները երկուսն են, այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: Ինչու եմ ես այս խնդիրները համարում ամենակենսական ու կարեւորագույն` դրանք առանձնացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս խնդիրներից: Որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունն ու դրա հետեւանքը հանդիսացող շրջափակումների առկայությունը`

– խոչընդոտում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը.

– խափանում են Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում.

– Հայաստանին զրկում են արտասահմանյան ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու գրավչությունից.

– պետական առանց այդ էլ ողորմելի բյուջեից զգալի գումարներ են պահանջում ռազմական ծախսերի համար.

– խթանում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության արտագաղթը, ինչն արդեն իսկ վերածվել է ժողովրդագրական աղետի.

– բարդացնում են Հայաստանի հարաբերությունները աշխարհի համարյա բոլոր, անգամ բարեկամ պետությունների հետ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն», արդ, ոչ միայն ամենեւին ուղղված չէ թվարկված գերկենսական խնդիրների լուծմանը, այլեւ անխուսափելիորեն նորանոր խոչընդոտներ է հարուցելու դրանց հաղթահարման ճանապարհին: Առճակատման ոգով գրված այդ փաստաթուղթը Թուրքիային ստիպելու է ավելի կոշտ դիրք գրավել Հայաստանի նկատմամբ` ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իսկ դա լավագույն դեպքում նշանակում է ստատուս-քվոյի պահպանում` Հայաստանի եւ Ղարաբաղի համար իր բոլոր վերոշարադրյալ բացասական հետեւանքներով` տնտեսական անկում, ներդրումների կրճատում, քաղաքական մեկուսացում, արտագաղթի սաստկացում եւ այլն: Մինչդեռ վատագույն դեպքում` «Հռչակագրի» բնագրում տարածքային պահանջների ընդգրկումը Թուրքիային եւ Ադրբեջանին լրացուցիչ հիմք է տալու Ղարաբաղյան խնդրի էությունը վերջնականապես խեղաթյուրելու եւ այն ինքնորոշման իրավունքի իրացման փոխարեն, որպես Հայաստանի ծավալապաշտական նկրտումների արտահայտություն ներկայացնելու համար:

Կարող է տպավորություն ստեղծվել, թե ես անհարկիորեն չափազանցում եմ եւ, հակառակ իմ մտահոգության, թե՛ Թուրքիան, թե՛ աշխարհի մնացյալ պետությունները, նկատի ունենալով Ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայ ժողովրդի բնական զգացականությունը, ըմբռնումով կմոտենան Հայաստանի իշխանությունների հռետորաբանության կոշտացմանը եւ մեծ կարեւորություն չեն տա խնդրո առարկա հռչակագրին: Երկու պատճառով խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի: Նախ` Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատներն ուշի- ուշով հետեւում են Ցեղասպանության 100-ամյակի առթիվ մեզ մոտ տեղի ունեցող բոլոր կարեւոր միջոցառումներին եւ այդ մասին հաստատաբար հանգամանորեն զեկուցում են սեփական կառավարություններին: Եվ երկրորդ` Թուրքիան, անտարակույս, մանրադիտակով է ուսումնասիրելու Հռչակագիրը, վեր հանելով վերջինիս բոլոր մանրամասներն ու դրանք ներկայացնելով օտարերկրյա իր գործընկերներին: Որ սա սոսկ ենթադրություն չէ, ապացուցվում է այն իրողությամբ, թե թուրքական դիվանագիտությունն ինչպիսի ուշադրությամբ է ուսումնասիրել Հայաստանի անկախության հռչակագիրն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բերենք ընդամենը մեկ օրինակ: Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշում է ԽՍՀՄ-ում Թուրքիայի նախկին դեսպան Վոլքան Վուրալը. «Թուրքիան անհանգստացած էր որոշակի զարգացումների պատճառով, որպիսիք էին Հայաստանի նոր սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը: ... Հայաստանի անկախության հռչակագիրը, բնականորեն բազմաթիվ ակնարկներ էր պարունակում Արեւմտյան Հայաստանի, այսինքն թուրքական տարածքի նկատմամբ, ինչպես նաեւ հավաստումներ` Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու վերաբերյալ: Այն տպավորությունն էր ստեղծվում, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: ... Մարդիկ, հնարավոր է, հռետորաբանորեն հայտարարեն, պահանջեն որոշակի բաներ: Նրանք կարող են Մեծ Հայաստանի մասին երազել: Երազների համար սահմաններ չկան: Այնուամենայնիվ, իրականությունն ակնհայտ է: Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը Թուրքիայից հողեր վերցնել: Ո՞ր խելամիտ մարդու մտքով դա կարող է անցնել: Մեր զինված ուժերի թվաքանակը Հայաստանի ողջ բնակչության չափ է» (տե՛ս forum.hyeclub.com, 11.09.2008):

Ինչեւիցե, բոլոր առումներով ակնհայտ է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ, արմատապես հակասում է նրա պետական շահերին, նոր բարդություններ առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում եւ ծառայում բացառապես հայության հայրենասիրական զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու Հայաստանի հանցավոր վարչախմբի հետապնդած ճղճիմ նպատակին: Հռչակագիրն, ըստ այդմ, արկածախնդրությունից կամ, խնայելով հայերենը, ավանտյուրայից բացի, այլ բառով չի կարելի բնութագրել, քանի որ այն, իր պարունակած վտանգներով, գրեթե չի տարբերվում Գում-Գափուի (1890 թ.), Բանկ-Օտտոմանի (1896 թ.), Շուշիի (1920 թ.), Օլթիի (1920 թ.) եւ վերջապես` փետրվարյան (1921 թ.) ավանտյուրաներից: Հուսանք միայն, որ նրա հետեւանքներն ավելի աղետալի չեն լինի, քան թվարկվածներինը:

Հոդվածս ավարտելուց առաջ ավելորդ չեմ համարում նշել, որ Հայաստանի հանցավոր վարչախումբն այսօր փորձում է հայ ժողովրդին ներքաշել նաեւ Հայոց պետականության հիմքերը խարխլելուն միտված մի նոր ավանտյուրայի` Սահմանադրության փոփոխության գործընթացի մեջ, ինչը, սակայն, առանձին խոսակցության առարկա է, որին կանդրադառնամ մի այլ առիթով:

«Չորրորդ իշխանություն»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее