«Այն, որ Սյունիքը պատուհասած Լիսկան նաև հանցագործ է, այդ մասին գիտեն բոլորը: Եվ այնպես չէ, որ գործող իշխանությունների համար շատ տիպիկ այս դեմքը միայնակ է իր չափերն անցնելու բոլոր հարցերում: Բայց այս հարցազրույցից հետո, կարծում եմ, նա ենթակա է անմիջապես ձերբակալման: Հակառակ դեպքում` մենք կարող ենք եզրակացնել, որ նման սպառնալիքներ հնչեցնելն իրեն արտոնվել է ընդհուպ մինչև գործող նախագահի կողմից»- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուշուդյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղ գտած հարցազրույցներից մեկում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խոսել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հոր` Ռիչարդ Հովհաննիսյանի` հնարավոր հակահայկական քարոչություն իրականցնելու փաստի մասին: Դիտարկմանը, թե նրա ներկայացրած տեսագրությունը գիտական նյութ չէ, այլ պամֆլետ, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Նյութը իրականություն է, թե կեղծարարություն, չեմ կարող ասել... Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ։
Մեր այն դիտարկմանը, թե Ռիչարդ Հովհաննիսյանի մասին նման տեսակետ հայտնողներ, այնուամենայնիվ, կան: Եվ հատկապես այն փաստն է շրջանառվում, թե վերջինի համոզմամբ` հայերը եկվոր են, Խուշուդյանը պատասխանեց.
« Իհարկե ստում են նրանք, ովքեր նման բան են ասում, Ռիչարդ Հովհաննիսյանը նորագույն պատմության մասնագետ է և երբևէ հին պատմության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի արտահայտել»: