Հունիսի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության Հատուկ նշանակության ջոկատի (СПЕЦНАЗ) աշխատակիցները Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի, Սիսիանի և Կապանի բաժինների ծառայողների հետ Սյունիքի մարզում՝ մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք։
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնական զինամթերքը հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ, Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների բնակարաններում, օբյեկտներում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված բոլոր զենք-զինամթերքները քննչական խմբի կողմից ընթերականների ներկայությամբ առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են և ուղարկվել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվի, թե արդյոք նշված հրազենները օրինական են, թե ոչ, և այն օգտագործվել է այսօր՝ կեսգիշերին, Գորիսում հնչած կրակոցների ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը գտնվում է գունատ ու վախեցած վիճակում, քանի որ ըստ գորիսեցիների, այս անգամ դժվար հաջողվի նրան ջրից չոր դուրս գալ, ինչքան էլ նրա հարազատներն ու մտերիմները հայտարարեն, թե մարզպետը կերուխումի ժամանակ է միայն եղել, իսկ կրակոցների ժամանակ ներկա չի եղել։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ոստիկանությունը առգրավել է նաև մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ի դեպ, և՛ ոստիկանները, և՛ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից և հայտնի ֆիլմի՝ «01 99»-ի ֆիլմի հերոս Գարսևանի օրինակով, հայտնել է, թե «էս ինչ հաշիվ ա»։
Մեծ թվով գորիսեցիներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ Սյունիքի մարզում վախի մթնոլորտը կվերանա, և հույս ունեն, որ մարզպետը պատասխանտվության կենթարկվի կատարած հանցագործությունների համար։
Արդեն կան նաև ձերբակալվածներ, և քննությամբ եթե ապացուցվի նրանց մեղավորությունը, ապա դիմելու են դատարան, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը։
Նախապատրասված նյութերը փոխանցվել են Պաշտպանության նախարարության քննչական վարչություն։