«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները չէին հայտնաբերել Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Լիսկայի՝ Սուրեն Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ որդուն՝ Տիգրանին։ Նախօրեին նրա մասնակցությամբ Գորիսում միանգամից 3 միջադեպ էր եղել։ Տ․ Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին՝ «Չափաղացի Արմենին», տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։
Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Գորիսում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, հանցագործին եւ հանցագործության գործիքը «հայտնաբերման փուլում են»։
Մինչդեռ տեղի ոստիկանության մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենայով գնացել է Գորիսի ոստիկանություն, ամենավերջին հայհոյանքներն է տեղացել՝ սպառնալով, որ եթե գործ հարուցեն, վատ է լինելու, ապա հեռացել է: Ոստիկանները փորձել են հետեւից գնալ, բայց չեն կարողացել բռնել։
Գորիսում ասում են, որ Լիսկայի թիմը հիմա էլ աշխատում է Փաշինյանի համար, արդյունքում Սուրիկ Խաչատրյանի որդին շարունակում է ծեծել, կրակել ու անպատիժ մնալ, ինչպես նախկինում»: