Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ», հիմա անցել է ԵՊՀ-ին։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատությանը՝ կրթական համակարգը քաղաքականացնելու վերաբերյալ։

Նախարարի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:
Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին ):
Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:
Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր․ «Մեր տեղեկություններով, կարող է դա ճիշտ չի, բայց նման խոսակցություններ կան ԵՊՀ-ում, որ այդ սպիտակ մազերով մարդուն ուզում են դարձնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո պարոն Հովհաննիսյանն ինքն է ուզում դառնալ ռեկտոր։ Ես ձեզ նախապես տեղեկացնում եմ սիրելի գործընկերներ, եթե ինչ-որ մեկը իշխանության մեջ, որը պատգամավոր է գործող, ուզենա դառնա մայր բուհի ռեկտոր, դա կդառնա բոլորիս կողմից հռչակած սկզբունքի կոպիտ խախտում: Ասել ենք, որ կրթական համակարգը չենք քաղաքականացնելու, հիմա գնում ենք, անձամբ խառնվում ենք այդ բաների մեջ»:
Կարդացեք նաև՝ Չխառնվել...ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկը Մարուքյանի ընկերն է. «Իմ քայլի» պատգամավոր


