«Մեզ դիմել են երեկ չէ առաջին օրը՝ ժամը 17:00-ի հատվածում, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի հոգեհանգիստ Օպերայում: Երեկ մեր աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը մեկնաբանել է, որ դա ոչ թե եղել է մերժում, այլ՝ պայմանավորված է եղել ընթացակարգով»: Այս մասին այսօր ասուլիսին ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերայում չանցկացնելու որոշմանը:

Այդ որոշման հետևանքով համացանցային օգտատերից շատերը քննադատել են Մակունցին, ավելին՝ ոմանք պահանջել են նաև նրա հրաժարականը:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ հետևել է ընթացակարգին, հակառակ դեպքում պետք է շրջանցեր ու խախտեր օրենքը.

«Չեմ արել անգամ այն պարագայում, երբ, իհարկե, գիտակցում եմ, որ հատկապես այս նախընտրական փուլում դա ինձ, որպես ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուի, կարող էր բերել քաղաքական դիվիդենտներ: Չգնացի այդ քայլին, երբեք ինձ նման բան թույլ չէի տա», - ասաց Լիլիթ Մակունցը:
Նախարարի պաշտոնակատարը խնդրեց բոլորին այլևս չշահարկել այս փաստը:


