«Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք այսպիսի տարօրինակ փաստի ենք ականատես լինում: Հայաստանից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում ընտրողների թվերն ավելանում են: Ես այսօր ստուգեցի, 2013 թվականի նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում մարդկանց թիվը մոտավորապես 400.000-ով ավելի է, քան 1991 թվականին անկախության հանրաքվեի մասնակիցներինը»,-այսօր ԱԺ-ում մինչ իր հարցը կուղղեր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` շարունակելով.
«Գիտեք, որ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքում կա դրույթ, որ հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով պետք է հանվեն բնակչության պետական ռեգիստրի գրանցումից, այդպիսով նաև պետք է դուրս գան և' հաշվառումից և' ընտրացուցակներից: Քանի որ այդ գործառույթը պետությունը չի կատարել, հիմա այն իրավիճակն է, որ ավելի շատ ընտրող կա ՀՀ-ում, քան 1991 թվականին: Հետաքրքիր է վիճակագրությունը. Բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքը ընդունվել է 2002 թվականին. այդ ընթացքում քանի՞ մարդ է հանվել ընտրացուցակներից: Ձեր բերած փաթեթում էդպիսի դրույթ այլևս մենք օրենքում չենք ունենալու: Սա բացարձակապես անընդունելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով քննարկվող «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Շավարշ Քոչարյանը խոստացավ ուսումնասիրել, և մինչև երկրորդ ընթերցումը պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցին: