Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ 28-ամյա Ալիկ Հովհաննիսյանն ու 32-ամյա Դավիթ Հակոբյանը Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Պարեկները բարձրախոսով հորդորում են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրում իրենց գործեընկերներից։ Ու արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում լկարողանում են շրջափակման մեջ առնել Opel-ին ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։
Պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջում են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ու պարեկները նկատում են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ պարեկները կարողանում են վնասազերծել նրան, ում մոտ լինում է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։